Երգչուհի Լեյլա Սարիբեկյանին փողոցում հաճախ են մոտենում մարդիկ ու հիմնականում մեկ հարց տալիս` ինչ է լինելու մեր ազգային մշակույթի վերջը: Երգչուհին այդ հարցին հոռետեսորեն է մոտենում ու խոստովանում, որ, տեսնելով, թե ինչ է կատարվում այդ ոլորտում այսօր, լուսավոր ապագա կանխատեսել չի կարող:
Այն ինչ տեղի է ունենում մեր երգարվեստում այսօր, Լեյլա Սարիբեկյանի բնորոշմամբ, եղեռն է:
Նրա խոսքով` Համալիրի դահլիճը լցնում են նրանք, ովքեր ընդհանրապես կապ չունեն երգի, առավել ևս` արվեստի հետ:
Երգչուհուն մտահոգում է այն, որ անգամ օրենք ընդունելուց հետո պետական մակարդակով կազմակերպվում են համերգներ, որտեղ դուրս են գալիս անվանի երգիչներն ու երգում են ձայնագրությամբ:
Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին ձայնագրությամբ երգելու փաստն այդքան էլ չի մտահոգում: Նրա խոսքով` կարևր է ոչ թե ինչպեսը, այլ ինչը: «Թող ասելիք ունենան, թող երգեն ձայնագրությամբ»:
Ասելիք ունեցող երգչուհին իրեն թույլ չի տա երգել ձայնագրությամբ, համոզված է Ամալյանը. «Ի վերջո, ամեն մի լավ երգ հայրենասիրություն է: Կարևոր չէ, որ հայրենիք բառը լինի երգի ամեն տողում, կարող է երգը լինել սիրո, բնության, հազար ու մի բանի մասին, բայց լինի նորմալ հայերենով»: