Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը Ռուսաստանի շահերից է բխում: Այս մասին Кавказ Online-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի ռազմավարության և զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրո Բարնովը:
Նրա խոսքերով` Ռուսաստանը իզուր չէ երկարաձգել Հայաստանում իր ռազմակայանի տեղակայման ժամկետը, բացի այդ, Ռուսաստանը չի ցանկանում, որ տարածաշրջանում իրեն հավասար այլընտրանքային ուժ լինի` Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տարբերակով:
«Մոսկվան բացահայտ չի կարող խոսել այս ամենի դեմ, ուստի փորձում է սրել իրավիճակը: Չեմ կարող վստահեցնել, թե վերջին պատահարի պատասխանատվությունը (միջադեպը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում) Ռուսաստանն է կրում, բայց կարող եմ ենթադրել, քանի որ պարզից էլ պարզ է, որ պատերազմը Ռուսաստանի շահերից է բխում: Իսկ Ադրբեջանը հստակ գիտակցում է ռուսական սադրանքին ենթարկվելու դեպքում բոլոր բացասական հետևանքները: Չեմ կարծում, թե Ադրբեջանը կուլ կգնա, թեև ոչինչից չի կարելի ապահովագրված լինել»,-ասել է Բարնովը: