«Այն, որ Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, հեղափոխական քայլ է և, ամենայն հավանականությամբ, արժանանալու է նախագահ Դմիտրի Մեդվեդևի հավանությանը: Փորձագետների կազմած ռազմավարական փատաթղթում Ռուսաստանին խորհուրդ են տալիս ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, այնինչ այս առաջարկը բախվել է կառավարող էլիտայի դիմադրությանը»,- գերմանական «Շպիգելում» տպագրված հոդվածից հատված է մեջբերում Иносми.ru-ն:
Նշենք, որ ամիսներ առաջ այս հարցին դիվանագիտորեն է մոտեցել Անգելա Մերկելը` ասելով, որ մինչ Ռուսաստանին ՆԱՏՕ հրավիրելը, նախ և առաջ պետք է հարցնել Ռուսաստանի կարծիքը. արդյո՞ք ցանկանում է նա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ:
Այսօր Կրեմլն ինքն է ազդակներ ուղարկում Արևմուտքին` հասկացնելով ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու և անգամ կազմակերպության անդամ դառնալու ցանկության մասին:
Մոսկվայում գտնվող Արդի զարգացման ինստիտուտը, որի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու 3 տարբերակ է առաջարկել, այդ թվում`ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պաշտպանության միության ստեղծումը`հիմնված անվտանգությանը վերաբերող նոր փաստաթղթի ստորագրման վրա և ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի կողմից ընդհանուր համակարգող խորհրդի ստեղծումը:
Արդի զարգացման ինստիտուտի ներկայացուցիչներն ասում են, որ այս տարբերակներով փաստաթուղթը կարող է ներկայացնեն շաբաթվա վերջին Յարոսլավլում տեղի ունեցող «Համաշխարհային քաղաքական համաժողովի» ընթացքում, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահը: