Երեկ Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված ՀՀ քաղաքացի Արսեն Էլբակյանի դին մոտ ժամանակներս կտեղափոխեն Հայաստան: Այդ մասին Regnum-ին հայտնել է Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոս Արարատ Գոմցյանը: Նրա խոսքով` այժմ զբաղվում են Էլբակյանի դին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված հարցերով: Զոհվածի մարմինը չարթերային թռիչքով կտեղափոխեն միանգամից Հայաստան, կամ կտեղափոխեն Մինվոդի, այնտեղից էլ` Հայաստան:
Ինչ վերաբերում է պայթյունի հետևանքով զոհված մյուս երկու հայերին, ապա, Գոմցյանի խոսքով, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, և պետությունն է հոգալու նրանց հուղարկավորության հետ կապված ծախսերը: