Facebook սոցիալական ցանցում «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության խմբում տեղադրված է հայտարարություն սեպտեմբերի 15-ին երեկոյան տոն-ծառատունկ իրականացնելու մասին:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությանը կից հաղորդագրությունը.
«Արամի և Բուզանդի փողոցների միջնամասում ընկած այգում նախատեսվում է բազմահարկ շինությունների կառուցում: Դրա արդյունքում անխուսափելիորեն կկտրվեն ծառեր և կվնասվի այգու բուսականությունը: Հանրային զբոսայգին մեկընդմիշտ կկորցնի իր նպատակային նշանակությունը:
Այս ծրագրին դեմ արտահայտվելու համար այգում նախատեսվում է խորհրդանշական ծառատունկ:
Այս միջոցառման ժամանակ այգում կտնկենք ծառ, որը կօրհնվի և որին կտրվի անուն՝ ցուցանակով: Այս արարողությունը կարտահայտի այգին խնամելու մեր պատրաստակամությունը և կվերածվի տոնի՝ երգչախմբի և մանուկների երգով, պարերով. ներկաները ծառներին կամրացնեն խորհրդանշական ժապավեններ:
Ձեզ հետ բերեք բարձր տրամադրություն, որովհետև սա կլինի բնության և մեր քաղաքի տոնը: Ու՜ժ դառնանք, միասին ոչնչացումից պաշտպանե՜նք մեր այգին և մեր ու մեր զավակների առողջ ապրելու իրավունքը»:
Միջոցառման կազմակերպիչներն են այգուն հարակից շենքերի բնակիչները, Armenia Tree Project-ը, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը: