Այսօր Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը կրող քննարկում-համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի օժանդակությամբ։
Միջոցառման առանցքում ընկած են համաշխարհային հետճգնաժամային փոփոխված միջավայրում հանրային քաղաքականության միջոցով ներդրումների, արտահանման ու տնտեսական աճի խթանմանը, ինչպես նաև Հայաստանում աղքատության նվազեցմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումներին մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ և նախարարներ, ինչպես նաև Համաշխարհային բանկի թիմը` Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուի գլխավորությամբ։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ քննարկումներն անցկացվելու են երեք փոխկապակցված թեմաների շուրջ` նորարարության, արտահանման ուղղվածության ու ներդրումների խթանում, պետության արդյունավետության բարելավում և սոցիալական կոալիցիայի ստեղծում` հանուն փոփոխության։ Կքննարկվեն համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները և միջազգային համապատասխան փորձի հիման վրա առաջ կքաշվեն գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող է հանրային քաղաքականությունը լավագույնս նպաստել Հայաստանի քաղաքացիների կյանքում անհրաժեշտ բարելավումների արագացմանը և Հայաստանի վերափոխմանն առավել հարուստ, կենսունակ ու բարգավաճող տնտեսության։ Համաժողովն իր աշխատանքները կավարտի սեպտեմբերի 12-ին։