Արդեն մի քանի օր է` Թուրքիայում քրդերի և ոստիկանության միջև տեղի են ունենում զանգվածային բախումներ: Նման կերպ քրդերն իրենց բողոքն են արտահայտնում Քրդական բանվորական կուսակցության անդամ 9 ահաբեկիչների սպանության դեմ:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, երեկ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում լուրջ բախումներ են տեղի ունեցել:
Բողոքավորները քարեր և «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա, իսկ մի քանի խմբեր էլ սկսել են քարեր նետել նաև Աթաթուրքի արձանի վրա:
Ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել:
Նույն պատկերն էր նաև Հաքարի նահանգում: Բախումների հետևանքով այստեղ երեք ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Անվտանգության ուժերը ստիպված են եղել նախազգուշացնող կրակ բացել:
Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է:
Լարված իրավիճակը պահպանվում է նաև Վան քաղաքում:
Վերջին դեպքերի հետ կապված Թուրքիայի բազմաթիվ քաղաքական ուժեր կոչ են արել արտակարգ դրություն մտցնել երկրի հարավարևելյան հատվածում, որտեղ ապրում են քրդերը: