Home / Армения / Շահումյանի ղեկավարը ապամոնտաժել և վաճառել է ջրամբար աշտարակը

Շահումյանի ղեկավարը ապամոնտաժել և վաճառել է ջրամբար աշտարակը

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Շահումյան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափերով գումար յուրացնելու դեպքերի առթիվ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Շահումյան համայնքի ղեկավար Ա. Յայլոյանը 2010թ. օգոստոսի 1-ին, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, ապամոնտաժել և Երևան քաղաքի բնակիչ ոմն Սուրենին 1.400.000 ՀՀ դրամով վաճառել է իր ղեկավարած համայնքի տարածքում գտնվող և համայնքին պատկանող ջրամբար աշտարակը: Բացի այդ, Ա. Յայլոյանը նույն համայնքի բնակիչ Ռ. Կարապետյանին առանց օրենքով սահմանված կարգի հատկացրել է շուրջ 20քմ հողամաս, որի դիմաց պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ: Նշված գումարները Ա. Յայլոյանը օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Նշված դեպքերի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ ոստիկանություն` նախաքննություն կատարելու: