Նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի արդյունքների և տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցեր:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը խոսել են Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական և բազմաշերտ համագործակցության ամրապնդման հետագա քայլերի մասին և ընդգծել, որ ՌԴ նախագահի պետական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերն առանցքային նշանակություն կունենան` ավելի բարձր աստիճանի հասցնելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Նախագահներն այդ առումով կարևորել են երկու երկրների պետական կառավարման մարմինների աշխատանքի շարունակական ակտիվացումը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ նախագահի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Դմիտրի Մեդվեդևը վերահաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` շարունակելու աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: