Թուրքիայի սահմանապահները Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում սպառնում էին արտաքսել Հայաստանից ժամանած լրագրողներին, ովքեր սեպտեմբերի 13-15-ը պետք է մասնակցեն «Մեդիայի դերը ղարաբաղյան հակամարտությունում և տարածաշրջանային անվտանգության և համագործակցության բարելավումը» սեմինարին:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից, վաղ առավոտյան Ստամբուլ ժամանած ինքնաթիռի ուղևորներից, այդ թվում` սեմինարի համար Թուրքիա ժամանած խմբի անդամներից սահմանապահները վերցրել են անձնագրերը:
Երբ սեմինարի կազմակերիչներից մեկի` Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը փորձել է միջամտել, նրան սպառնացել են արտաքսել երկրից: Թուրք սահմանապահները ոչ մի բացատրություն չեն ներկայացրել: Մեր լրագրողի հետ զրույցում մի քանի ուղևորներ, ովքեր մշտապես օգտվում են այդ չվերթից, նշել են, որ նման բան Ստամբուլի օդանավակայանում առաջին անգամ է տեղի ունենում:
Միջադեպը հարթվել է միայն այն բանից հետո, երբ գործին միջամտել են սեմինարի կազմակերպիչ թուրքական կողմի ներկայացուցիչները:
Նշենք, որ սեմինարը կազմակերպել են Երևանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, ադրբեջանական «Յենի Նեսիլ» լրագրողների միությունը և Global Political Trends Centre-ը: