Սոցիալ դեմոկրատ հնչակյան հուսակցության Հայաստանի վարիչ մարմինը բաց նամակով դիմել է Հայաստանի ՀՀ գյուղատնտեսության նախարար պրն. Գերասիմ Ալավերդյանին:
Կուսակցության մամլո դիվանը տարածել է նամակը, որում գյուղատնտեսության նախարարին 16 հարց է ուղղված: Հարցերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
1. Որքա՞ն գյուղացիական տներ են դատարկ Հայաստանի գյուղերում:
2. Ինչու՞ է գյուղացին լքում գյուղը և հողը:
3. Ինչու՞ է Հայաստանի համար գերթանկարժեք վարելահողի 50 % անմշակ:
4. Ինչու՞ է Հայաստանում 1 կգ կարագին համարժեք կաթը (21 լիտր) կարագից 3 անգամ թանկ:
5. Ինչու՞ է Հայաստանը տարեկան 400-500 մլն $ տալիս օտար գյուղացուն, եթե դրա կեսի մեկանգամյա ներդրումով ներկրվող սննդամթերքի 80 % մշտապես կարող է արտադրել տեղում:
6. Ինչո՞վ է բացատրվում հացի թանկացումը, եթե նույնիսկ թանկացած ալյուրի պարագայում հացը վաճառվում է իր ինքնարժեքից 2-4 անգամ թանկ:
7. Ինչու՞ է մսի, կաթնամթերքի և այլ սննդատեսակների ներմուծումը 8 տարում կրկնապատկվել, երբ բնակչությունը զգալի նվազել է, միգուցե գյուղացի՞ն է դադարել արտադրել:
8. Ինչու՞ է գյուղացին վճարում ինքնահոս, սպասարկման ոչ մի ծախս չունեցող ջրից օգտվելու համար:
9. Կատարվե՞լ են արդյոք ձեր իսկ ծրագրով նախատեսված վերջին 3 տարում 5000 հա խաղողի այգետնկումների, 19 000 հա անտառապատման խնդիրները, 30 տոհմաբուծարանների հիմնումը, եթե այո, ապա որտեղ:
10. Պատասխանատու՞ է արդյոք գյուղնախարարությունը երկրի պարենային անվտանգությունը ապահովելու համար, և վերջին 3 տարում ինչքանով է այն ամրապնդվել ներքին արտադրանքի հաշվին:
11. Ինչի՞ հաշվին է ավելանում գյուղարտադրանքը` արտադրողի (գյուղացու), մշակվող հողի և անասնագլխաքանակի շարունակական և զգալի նվազման պարագայում:
12. Քանի՞ տարում եք պատրաստվում ավարտել գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումները, եթե դրանց թիվը անցնում է 1 միլիոնից, իսկ պատվաստվում է տարեկան10-12 հազար կենդանի:
13. Ճիշտ չէ՞ր լինի արդյոք ԱԺ դահլիճի վերանորոգման վրա ծախսված դրամն ուղղել ծանրագույն գյուղատնտեսական տարվա հետևանքները մեղմելու գործին:
14. 200-ից ավել երտասարդներից քանի՞սն են վերադարձել Հայաստան` Գերմանիա, ԱՄՆ և այլուր գյուղմասնագիտացումն ավարտելուց հետո:
15. Արդյոք 900 գյուղ ունեցող Հայաստանի համար շատ չե՞ն տարեկան 2500 դիպլոմավորված գյուղմասնագետները:
16. Ինչ համագործակցություն է հաստատվել Ագրարային ինստիտուտի և Ադրբեջանի գյուղինստիտուտի միջև ««Բնօգտագործման էկոնոմիկան և Հարավային Կովկասում էկոլոգիական կրթության բարեփոխումները ‘ նախագծի շրջանակներում: