Եթե Միխայիլ Սահակաշվիլին «ինձ հետ խորհրդակցեր, ապա այժմ թե նրա գործերը, թե Վրաստանի ժողովուրդը, թե կառավարությունն ավելի լավ վիճակում կլինեին»: «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն` մեկնաբանելով Վրաստանի իշխանությունների գործունեությունը: 82-ամյա Շևարդնաձեն ասել է, որ Վրաստանի ժողովուդրը դժգոհ է Սահակաշվիլիի վարած քաղաքականությունից, հաղորդում է Georgia Online-ը:
Ի պատասխան նախկին նախագահի խոսքերի` Սահակաշվիլին հայտարարել է, որ «Շևարդնաձեի խորհուրդների կարիքը չունի»: Նախագահը վերջերս մի քանի անգամ հրապարակայնորեն քննադատել է Շևարդնաձեի վարած քաղաքականությունն ու նրան մեղադրել է Վրաստանն աղետալի վիճակի հասցնելու մեջ:
«Այժմ Շևարդնաձեն հաճախ է ելույթներով հանդես գալիս ու փորձում խելք սովորեցնել, բայց ինչո՞ւ չի հիշում, թե ինչպիսի կործանիչ քաղաքականություն էր վարում ինքը»,- հայտարարել է Սահակաշվիլին: