Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ի ներգրավվածությունը

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ի ներգրավվածությունը

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:

Հանրապետության ղեկավարը  նշել է, որ այցելությունների հաճախականությունը կարևոր է հայ-ամերիկյան բազմաբնույթ և համակողմանի երկխոսության շարունակականության տեսանկյունից:

Սերժ Սարգսյանի հավաստմամբ` Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման կարևոր գործոն:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել ռազմաքաղաքական, կրթական, մշակութային ոլորտներում հայ-ամերիկյան գործակցությունից` կարևորելով նաև ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցության զարգացման և առևտրատնտեսական շփումների ակտիվացման ուղղությամբ ջանքերի գործադրումը:

Սերժ Սարգսյանը և Թինա Քեյդենաուն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան ներգրավվածությունը:

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը` հույս հայտնելով, որ այդ ձևաչափով ընթացող բանակցությունները կտան անհրաժեշտ արդյունք: