ՄԱԿ ներկայացրած բանաձևով Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր հարձակումը և այս անգամ աշխարհի ուշադրությունը սևեռել, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» վրա: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Տեսնելով ԱԳՆ և իշխանություների անկարողությունը` ՀԱԿ-ը ներկայացնում է մի բանաձևի նախագիծ, որը, Զուրաբյանի խոսքով, «Հայաստանում կոմպետենտ իշխանությունների առկայության պարագայում» հնարավոր կլիներ ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով:
Բանաձևում, մասնավորապես, հղումներ են կատարվում բազմաթիվ միջազգային նորմերի վրա, որոնք արգելում են ուժի կիրառումը: Նաև մի շարք փաստաթղթեր են վկայակոչվում, որոնք, ըստ Զուրաբյանի, իշխանությունները մոռացել են: Մասնավորապես, դա 1994 թվականի դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթաժողովի վերջնական փաստաթուղթն է:
Զուրաբյանի խոսքով` Կոնգրեսի բանաձևը չի կանխորոշում Հայաստանի հաղթանակը, բայց գոնե հնարավորություն է տալիս պայքարել միջազգային ատյաններում:
«Տեսնելով Հայաստանի արտաքին գերատեսչության անգործությունը և իշխանությունների անգրագիտությունը` ՀԱԿ-ը ստիպված այդ ֆունկցիաները վերցնում է իր վրա»,- հավելել է Լևոն Զուրաբյանը: