Հայաստանի իշխանությունները կարողացան հասնել նրան, որ չեղյալ հայտարարվեց գոնե առաջին փուլը, խոսելով Ադրբեջանի` ՄԱԿ ներկայացրած բանաձևի մասին, հայտարարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նրա խոսքերով` երբ Հայաստանում քաղաքական, պետական միասնական դաշտ է ստեղծվում, այդ դեպքում միայն հնարավոր է հասնել հաջողությունների:
«Ի տարբերություն 2008 թվականի մարտի, երբ Հայաստանում ունեինք շատ բարդ իրավիճակ, Ադրբեջանն օգտվեց այդ պահից և հասավ նրան, որ ՄԱԿ-ն ընդունեց մի բանաձև` ի վնաս Հայաստանի», – ասաց ՍԻՄ նախագահը:
Բաբուխանյանի կարծիքով` այդ ժամանակ ի հայտ եկավ որոշ քաղաքական ուժերի 5-րդ շարասյուն լինելու հանգամանքը. «Այսինքն` ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվացան այն պահին, երբ որ պետք էր առիթ տալ Ադրբեջանին անցկացնել իր բանաձևը ՄԱԿ-ում»:
Խոսելով այսօր Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացրած բանաձևից` Բաբուխանյանն ընդգծեց. «Կոնգրեսը երբեմն, չունենալով սեփական գաղափարախոսություն, այստեղից-այնտեղից կրկնում է որոշ արտահայտւթյուններ և փորձում դա ներկայացնել որպես իրենց ծրագրային դրույթ»:
Իրականում, շարունակեց նա, Հայաստանի գործողությունների ակտիվացման մասին բազմիցս է խոսվել:
«Միակ ծրագիրը, որը վերջերս ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, դա իր հայտնի ծրագիրն է, որով Հայաստանը պետք է կապիտուլյացիայի դիմի Ադրբեջանի և Թուրքիայի առջև», – նշեց Բաբուխանյանն ու հավելեց, որ այս քաղաքական ուժն իր գործունեությամբ սպասարկում է «արտաքին շահերը»: