Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ելույթ ունենալով իր` «Ազատության ժողովուրդ» կուսակցության երիտասարդական թևի նիստին, երիտասարդ իտալուհիներին խորհուրդ է տվել ունենալ ավելի հարուստ զուգընկերներ, որոնք, ինչու չէ, իր նման կլինեն:
«Այստեղ շատ կանայք կան, ովքեր երազում են ամուսնանալ ինձ հետ: Եվ ես կարծում եմ, որ, նախ և առաջ, այն պատճառով, որ ես զվարճալի եմ, այնպես չէ՞: Երկրորդը` ես ունևոր եմ, ինչը նույնպես գաղտնիք չէ: Երրորդը` լուրեր են պտտվում, որ ես լավն եմ նաև անկողնում: Եվ չորրորդը` այդ կանանցից գրեթե բոլորը նույնն են մտածում, թե ես ծեր եմ, շուտով կմահանամ, և նրանք կժառանգեն ունեցվածքս»,- Իտալիայի վարչապետի խոսքերն է մեջբերել Вести-ն:
Բացի այդ, Բերլուսկոնին Հիտլերի մասին անեկդոտ է պատմել: «Հիտլերի մահից որոշ ժամանակ անց նրա զինակիցները պարզում են, որ նա ողջ է: Փնտրում և համոզում են վերջինիս, որպեսզի նա վերադառնա, ինչին ի պատասխան Հիտլերն ասում է. «Լավ, ես կվերադառնամ, սակայն միայն մեկ պայմանով… այս անգամ ես վատը կլինեմ»»,- կատակել է Բերլուսկոնին:
Այնուամենայնիվ, Իտալիայի ընդդիմությունն անհարիր է համարել Բերլուսկոնիի կատակը և կոչ է արել նրան ներողություն խնդրել Իսրայելից և իտալացի հրեաներից: Բացի այդ, նրանք հայտարարել են, թե կառավարության ղեկավարի պահվածքը կասկածի տակ է դնում նրա հոգեկան մտակայունությունը:
«Սա քաղաքական հարց չէ, նա հոգեկան բնույթի խնդիրներ ունի»,- մեկնաբանել է «Իտալիայի արժեքներ» կուսակցության առաջնորդ Անտոնիո դի Պիետրոն: