Home / Армения / Հունգարիան բանակցում է Ադրբեջանի հետ գազատարի շուրջ

Հունգարիան բանակցում է Ադրբեջանի հետ գազատարի շուրջ

Հունգարիան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ գազատարի նախագծի շինարարությանը մասնակցելու շուրջ, ինչը թույլ կտա գազամատակարարում իրականացնել դեպի Հարավային և Կենտրոնական Եվրոպա:

Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա (AGRI) գազատարը, որի շինարարությունը, ըստ կանխատեսումների, կարժենա 1.2-4.5 մլրդ եվրո, նախատեսված է տարեկան 2-ից մինչև 8 մլրդ խմ վառելիք մատակարարել Վրաստանից և Սև ծովից դեպի ռումինական Կոնստանցա, հաղորդում է Ведомости թերթը:

Նշենք, որ Հունգարիան տարեկան սպառում է 14 մլրդ խմ գազ` ստանալով այդ ծավալի 80%-ը Ռուսաստանից: Եթե նախագծի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա գազատարը կարող է կառուցվել երկու տարվա ընթացքում:

Միևնույն ժամանակ, Հունգարիայի պաշտոնական աղբյուրների համաձայն` նախագծի հանդեպ հետաքրքրությունն ամենևին էլ չի նշանակում, որ Բուդապեշտը հրաժարվում է Եվրամիության կողմից իրականացվող «Նաբուկո» գազատարի նախագծից: