Բրիտանացի դերասաններ, գրողներ և գիտնականներ դեմ են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական այցին, որը առաջինն է Բրիտանիայի պատմության մեջ, հաղորդում է Telegraph-ը:
Այցի դեմ ուղղված բաց նամակ-բողոքը ստորագրել են դերասան Սթիվեն Ֆրայը, գրողներ Թերի Պրատչեթը և Ֆիլիպ Փուլմանը:
«Մենք մերժում ենք դիմակահանդեսը, որը ճանաչում է Վատիկանը որպես պետություն և Հռոմի պապին` որպես այդ պետության ղեկավար: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հարմար հնարք` Վատիկանի համաշխարհային ազդեցությունը մեծացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Նամակում նաև ասված է, որ Բենեդիկտոս 16-րդը` որպես Վատիկանի առաջնորդ, պատասխանատվություն է կրում որոշ «հակասական որոշումների» համար: Մասնավորապես, խոսքը մանկապիղծ քահանաների շուրջ ծառացած սկանդալի «ադեկվատ լուծում գտնելու անզորության» մասին է , ինչպես նաև միասեռականների իրավունքների և հղիության արհեստական ընդհատման հանդեպ դիրքորոշման մասին: