Home / Армения / Դպրոցականների մասնակցությամբ երկու ավտոպատահար է գրանցվել

Դպրոցականների մասնակցությամբ երկու ավտոպատահար է գրանցվել

Սեպտեմբերի 1-10-ը ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը խստացված ծառայություն էր իրականացնում դպրոցների և բուհերի մոտ:

Այսօր այդ ընթացքում ծագած խնդիրներին անդրադարձավ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը և նշեց, որ ոստիկանությանը, այունամենայնիվ, չհաջողվեց խուսափել միջադեպերից:

Ըստ Օհանյանի` սեպտեմբերի ընթացքում դպրոցականների հետ կապված երկու դեպք է գրանցվել:

Մեկը` Էջմիածին–Զվարթնոց ճանապարհին, երբ անցումով անցնելիս երեխաներին բարձր արագությամբ ընթացող մեքենա է հարվածել: Երեխաներից երկուսը վիրավորվել են, բայց, բարեբախտաբար, նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում:

Օհանյանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել վարորդի մեղքով:

Երկրորդ պատահարը գրանցվել է Գյումրիում, երբ երկու մեքենաների բախման հետևանքով վիրավորվել է մեկ դպրոցական, որը մեքենաներից մեկի մեջ է եղել: