Ֆրանսիական համալսարանից ազատված մի խումբ դասախոսներ, որոնք դիմել էին ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԿԳՆ-ից պատասխան են ստացել: Epress.am-ի հետ զրույցում դասախոսներից մեկը պատմեց, որ ԿԳՆ-ի պատասխան նամակում նշված է հետևյալը.
«Դասախոսների հետ կնքված է եղել անորոշ ժամկետով պայմանագիր: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ համալսարանը պայմանագրի ժամկետի ավարտի հիմքով ապօրինի է ազատել դասախոսներին»:
Հիշեցնենք, որ 29 դասախոսներ աշխատանքից ազատվել էին աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվելու հիմքով: Օգոստոսի 31-ին նրանցից մի քանիսը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էին, որ իրենց անհիմն կերպով են հեռացրել, քանի որ պայմանագրերն անժամկետ են:
Դասախոսների խոսքով` իրենց ազատման մեջ դերակատարություն ունի նաև բուհի վարչակազմը:
Նրանք հայտարարել էին, որ հետամուտ են լինելու և պայքարելու են, որ այդ հարցը լուծվի օրենքի շրջանակներում և մեղավորները պատժվեն և որ դա ուրիշների համար նախադեպ չդառնա:
Epress.am-ի խնդրանքով դասախոսների ստացած նամակի վերաբերյալ իր մեկնաբանությունը ներկայացրեց Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:
«Սա համալսարանի ընթացիկ կառավարման խնդիր է, որն անհարկի շահարկվել է: Մենք օրենք չենք խախտել, բայց եթե նրանք պնդում են, որ օրենքի խախտում է եղել, ապա դատարանը թող որոշի, չէ որ սա դեմոկրատիա է, ուստի դատարանը պետք է պարզի` օրինախախտում կա, թե ոչ: Մենք վախենալու բան չունենք, Ֆրանսիական համալսարանը վախենալու բան չունի», – ասել է Նավոյանը:
Նա նաև հավելել է, որ տեղեկատվություն առ այն, որ Կրթության և գիտության նախարարությունը պաշտոնական գրություն է ուղարկել նամակագիրներին և դրական պատասխան տվել, ինքը չունի:
ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի տեղեկատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախարարը պաշտոնապես գրավոր պատասխանել է ֆրանսիական համալսարանի դասախոսների նամակին: Մենք խնդրեցինք նամակի բովանդակությունից մանրամասներ ներկայացնել, սակայն վերոնշյալ բաժնից մեզ հայտնեցին, որ բովանդակության հրապարակումը «ինչ-որ տեղ կդիտվի որպես քաղաքացիների իրավունքների խախտում», և առաջարկեցին նամակով դիմել ԿԳՆ` մանրամասնություններ ստանալու համար:
Epress.am-ը ևս մեկ անգամ դիմեց Ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսներից մեկին, ով այս անգամ խնդրեց առայժմ չանդրադառնալ տվյալ հարցին:
Մեզ հասած տեղեկություններով` նախագահականում նույնպես անդրադարձել են այս խնդրին և գործընթացի վերաբերյալ խիստ վերահսկողություն սահմանել: