Անկախության բացակայության հետևանքով Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը արդեն բավական երկար ժամանակ չունեն որևէ սեփական քաղաքականություն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Մեր քաղաքականությունը զուտ արձագանքն է ուրիշների առաջարկվող գործառույթների, որոնց նպատակներն ու շահերը կապ չունեն Հայաստանի, Ղարաբաղի և, ճիշտն ասած, Ադրբեջանի ժողովուրդների նպատակների և մղումների հետ», – փաստել է նա:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջարկին` ճանաչել Ղարաբաղի անկախությունը, Մանուչարյանն ասաց, որ դա չի ուժեղացնի Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում:
«Ղարաբաղն իրական անկախ էր մինչև 98 թվականը: 98-ից սկսվեց Ղարաբաղի անկախության կորուստը», – նշել է նա: Մանուչարյանի խոսքերով` այս տեսակետից շատ մեծ դեր խաղաց Հայաստանի քաղաքական էլիտան, որը «հարստացվեց նաև Ղարաբաղից ներմուծումներով»:
Նա պատմեց, որ 1998 թվականին այցելել էր մի շարք երկներ և Ղարաբաղի ղեկավարության համար մի մեծ փաթեթ բերել` տարբեր առաջարկներով, որովհետև «այդ Ղարաբաղի հետ բոլորն ուզում էին գործ ունենալ»:
«Երբ ես վերադարձա Հայաստան, պարզվեց, որ այն Ղարաբաղը, որին դա հասցեագրված է, այլևս չկա», – ասաց նա` պարզաբանելով, որ այն ժամանակ Ղարաբաղի նախագահը դարձել էր այլ երկրի վարչապետ: