Ամբողջ հայ-թուրքական գործընթացը որևէ կապ չունի Հայաստանի և հայ ժողովրդի դրսևորած կամքի հետ: Այս կարծիքին է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Սա բացարձակ անընդունելի` իր ձևով, բովանդակությամբ, էությամբ մի գործընթաց է, որը մեր վզին փաթաթվեց արևմտյան կենտրոնների կողմից, որոնք ունեին իրենց շահը` ձևավորել իրենց համար ավելի ձեռնտու աշխարհ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարել է Մանուչարյանը:
Ըստ նրա, Արևմուտքը կարողացավ «այդ հարցով շահագրգրիր դարձնել նաև Ռուսաստանին», որը, համաձայն «Ղարաբաղ» կոմիտեի անդամի, բավական անհեթեթ ձևով միջամտեց այդ գործառույթին:
«Բոլոր դեպքերում, ես համարում եմ, որ այդ ամբողջ գործընթացն արատավոր է: Ամբողջ գործառույթի մեջ կան մեզ համար խիստ անթույլատրելի տարրեր», – ընդգծեց Մանուչարյանը` մասնավորապես նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը թույլ չի տալիս էժանագին լուծումներ և զարգացումներ: