Home / Армения / Բաղդասարյանը գնաց կզարան, իսկ Ծառուկյանը թասիբ ունի. կարծիք

Բաղդասարյանը գնաց կզարան, իսկ Ծառուկյանը թասիբ ունի. կարծիք

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը անդրադարձել են օրերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ երեկ Վարդան Բոստանջյանն ասել է, որ խզում է իր հարաբերությունները Վիկտոր Դալլաքյանի հետ, քանի որ վերջինիս` մինչ այդ արված հայտարարությունը վերաբերում էր «գարշելի միջոցներով ձեռք բերված հարստությամբ բարեգործություն անողներին»: Վարդան Բոստանջյանը համարել է, որ դա վերաբերում է իր կուսկացության` ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Հմայակ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակի մասին խոսել էլ չարժի, քանի որ բոլորի համար էլ  ակնհայտ  է:

«Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը չի անում դա, իրեն տղամարդավարի է պահում: Ասում է` ես ի վերջո կուսակցության նախագահ եմ, թող ժողովուրդը ընտրի, կարող ա մեզ է ձայն տալիս, «Բարգավաճ Հայաստանն» է դուրս գալիս առաջին տեղ: Հո էդ առաջին տեղը ապահովագրված չի, բրոնյա արված չի   հանրապետականի համար: Մարդը թասիբ ունի, գիտի, որ տեղերը արդեն բաշխված են: Իրան էլ ասել են, դե քեզ երկրորդ տեղից կզրկենք: Քաղաքականության մեջ բառացիորեն չի ասվում: Սկսել են փչել Արթուր Բաղդասարյանին, փչում են, փչում են. կարողա մի օր էլ պայթի, էնքան փչեն, չդիմանա էդ լարվածությանը»,- խնդրի մասին, այնուամենայնիվ, խոսել է Հմայակ Հովհաննիսյանը:

ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը վրդովվել է Հմայակ Հովհաննիսյանի ասածներից և ասել, որ Հովհաննիսյանն այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ նրա հետ ոչ ոք չի ցանկանում բանավիճել:

Մինասյանը նշել է, որ դա ընդամենը Հովհաննիսյանի վերլուծությունն է, ով տեղյակ չէ այն ամենից, ինչ տեղի է ունեցել երեկ չէ առաջին օրը:

Մինասյանը կարծիք է հայտնել, որ այդ դեպքը ոչ մի առնչություն չունի ՀՀԿ-ի հետ: