Այսօր Կառավարության շենքի առջև, ինչպես յուրաքանչյուր կառավարության նիստի օրը, տեղի ունեցան մի քանի ակցիաներ: Այս անգամ բանակում տարբեր տարիներին կատարված սպանությունների բացահայտումը պահանջողներին միացան նաև այլ երևույթներից դժգոհող մարդիկ:
«Ընտրությունների ժամանակ պարոն Արթուր Բաղդասարյանը ոսկե սարեր էր խոստանում իր էլեկտորատին, ասում էր, եթե ես ընտրվեմ տեխնիկական սպասարկումը գազի ոլորտում կվերանա, որովհետև դա որևէ ծառայություն չի մատուցում ժողովրդին, գազի գինը կէժանանա», – նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեր զրուցակիցը հարց է բարձրացնում, թե որտեղ մնացին «Օրինաց երկրի» խոստումները. «Մինչև երբ պետք է ստորացված ժողովրդին խաբեն, պորտֆելները ստանալուց հետո բերանները ջուր առնեն ու լռեն»:
Նա պատմեց, որ իր բնակարանի գազն անջատված է, քանի որ նա հրաժարվում է տեխսպասարկումից. «Ով է էդ գները սահմանել` 2 կետի համար 5700 դրամ, 3 կետի համար` շուրջ 9 հազար դրամ»: Պարզաբանելով` մեր զրուցակիցն ասաց, որ խոսքը գնում է ստուգումների մասին, որոնց ընթացքում պարզվում է, օրինակ, կա արդյոք գազի արտահոսք, թե ոչ:
«Ես իմ ընտանիքի անվտանգությունը կարող եմ ավելի լավ ապահովել, քան ինչ-որ ՍՊԸ»: Նման թալանից, շարունակում է մեր զրուցակիցը, «Հայռուսգազարդը» ներկայացնում է, որ Ղարաբաղի դպրոցներին հովանավորչություն է անում, այնինչ, ըստ նրա, դա արվում է «ժողովրդից գողացված փողերով»:
Նշենք նաև, որ կառավարության շենքի մոտ էր եկել մի տարեց մարդ, որը բարձրաձայն իր բանաստեղծություններն էր կարդում:
Ներկայացնենք դրանցից մի հատված.
«…Կհպարտանա Մասիսը,
Կծածանվի աստղաստան աշխարհի դրոշը,
Ահա, ահա ձեր արածը…
Ահա շուտով կախաղան եք ելնելու, շակալներ…»
Բանաստեղծության վերջնամասում բանաստեղծը խոստացավ, որ «արյունով սնված սրիկաները պատասխան են տալու»:
Հաջորդ բանաստեղծության մեջ նա հարցնում է. «Ուր է իմ գիտական կենտրոնը, ում եք նվիրել: Գրանդ Քենդիին: Ինչ Տաշիր է նա…»:
Բանաստեղծին մոտեցավ ցույցերի մշտական մասնակից, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին և ասաց, որ կիսում է վերջինիս կարծիքը: «Անպայման, կիսեք, կիսեք բոլորդ», – արձագանքեց վերլիբրների հեղինակը: