Թուրքիան իր քաղաքականությամբ ներգրավվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդի լուծման գործընթացի մեջ, քանի որ կարևոր ակնկալիքներ ուներ: Այդ մասին այօսր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը` խոսելով Թուրքիայի դերի մասին ԼՂ հարցի լուծման գործընթացում:
Նրա խոսքով` թուրքական իշխանությունների առաջին ակնկալիքը Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն էր:
«Իսկ Թուրքիայի երկրորդ կարևոր ակնակալիքն այն էր, որ, ներգրավվելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, Թուրքիան փորձեց ակտիվացնել իր երկրի դերը ԼՂ հարցի կարգավորման գործում»,- նշել է Հայկ Դեմոյանը և հավելել, որ ոչ մի ակնկալիք էլ չարդարացավ, ինչի պատճառով Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները:
«Ես չեմ դադարում զարմանալ, որ Թուրքիայում մի բան այն չէ, և լեգենդար թուրքական դիվանագիտության վարկանիշն ինձ մոտ նվազում է»,- ասել է Դեմոյանը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ազդեցության մասին Հայաստանի վրա` նա նշեց, որ հայ-թուրքական զարգացումների արդյունքում լուրջ խզում եղավ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
«Այստեղ մենք լուրջ գործ ունենք անելու. սփյուռքում դեռ նախապաշարմունքներ կան»,- ասել է պատմաբանը: