Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, իր գոհունակությունը հայտնելով Եվրոպական մարդու իրավունքների դատարանի վճիռի կապակցությամբ, ևս մեկ անգամ նշել է, որ Դինքի ընտանիքի համար սույն որոշման բարոյական կողմն էր կարևոր: Ըստ այդմ, Ռաքել Դինքը հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետությունից որպես փոխհատուցում ստացված ողջ գումարը կօգտագործվի միմիայն բարեգործական նպատակներով, հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից:
Դինքի ընտանիքը գումարը նվիրաբերելու է երեք հասարակական կազմակերպություններին` Թուրքիայում գործող Հասարակական կամավորների հիմնարկին, որն օգտագործելու է գումարը Հրանտ Դինքի անվան կրթաթոշակի հիմնադրամին աջակցելու համար, Ստամբուլի Կենտրոնական վարժարանին` Թուրքիայում հայ մշակույթի և հայերենի ուսուցման հարատևությանը օժանդակելու նպատակով, Կետիկփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցուն`թուրքաբնակ հայաստանցի գաղթականների զավակների ուսմանը սատարելու համար: