Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին ելույթով հանդես եկավ նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը, ով ուրախություն հայտնեց այն կապակցությամբ, որ մարդիկ միակամ հանրահավաքի են եկել:
«Թող սին հույսեր չփայփայեն իշխանությոունները, եթե կարծում են, որ, ինչ-ինչ ուժեր պոկելով ՀԱԿ-ից, կարող են թուլացնել և պառակտել միացյալ ընդդիմությունը:
Ես զգուշացնում եմ բոլոր իրենց ընդդիմադիր ուժեր համարողներին, ովքեր բացահայտ կամ թաքուն փնթփնթում են` պետք է գիտակցել, որ կամա թե ակամա նպաստում են իշխանական թևին», – հայտրարել է Ջհանգիրյան:
Նախկին զինվորական դատախազը նաև անդրադարձավ բանակում ծագած խնդիրներին: Ջհանգիրյանը նշեց, որ բանակն իր համար հարազատ կառույց է, ավելի քան 10 տարի աշխատել է այդ դաշտում:
«Այսօր ցավով եմ խոսում բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Այն, ինչ վերջերս իրականանում է բանակում, նույնիսկ ինձ է զարմանք պատճառում: Ի՞նչ է փոխվել ՀՀ զինված ուժերում: Ինչ-որ բա՞ն է ավելացել, որ նման կրիմինալ դեպքերի ենք ականատես լինում: Ինչո՞ւմն է խնդիրը, կրիմինալ սանձարձակության պատճառը: Պատճառը մեկն է. մարտի մեկին զինված ուժերի և ստորաբաժանումների հարձակումն անզեն քաղաքացու վրա նրանց հոգեբանական խեղումներ է պատճառել», – հայտարարել է Ջհանգիրյանը:
Նա նշել է, որ Վահան Խալաֆյանին էլ է մարտի մեկը սպանել:
«Շարունակելու են ծեծել, ստորացնել հայ զինվորին, քանի որ իրենց խեղված պատկերացմամբ հայ ժողովուրդը խանի սեփականությունն է», – ասել է Ջհանգիրյանը: