Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը և այն ադրբեջանցիները, ովքեր Լեռնային Ղարաբաղ կվերադառնան, «պետք է ապրեն մեկ միացյալ ադրբեջանական պետության կազմում այն սկզբունքների վրա, որոնք ինքակառավարման հնարավորություն են ընձեռում»: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքալեզու պետությունների գագաթաժողովի ժամանակ:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում առաջընթաց և արդյունք չկա: «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ լուծենք այս հարցը և լուծենք խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանը բազմազգ պետություն է: Այստեղ երբեք կրոնական կամ ազգային հիմքի վրա խնդիրներ չեն առաջացել: Ադրբեջանում պաշտպանվում են բոլոր ազգերի իրավունքները: Ադրբեջանական հողում ապրել են նաև հայերը: Նրանց իրավունքները նույնպես պաշտպանվել են: Ւսկ ազգերի ինքնորոշման իրավունքը չպիտի խախտի պետության տարածքային ամբողջականության իրավունքը: Այսինքն` այս երկու հասկացությունների մեջ հակասություն չպետք է առաջանա»,- ասել է Ալիևը: