Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն այսօր իր ելույթում նշեց, որ ընդդիմությունը երկու ելք ունի` հաղթանակ և հաղթանակ: Շահնազարյանն անդրադարձավ արտաքին քաղաքականության խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությանը:
«Հայաստանի իշխանությունների գործողությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հասցրել են այն վիճակի, երբ իշխանությունների գնում են ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական զիջումների», – հայտարարել է Շահնազարյանը:
Նա ասել է, որ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հայկական` Ստեփանակերտ անվան հետ օգտագործվել է Խանքենդի ադրբեջանական անվանումը:
«Բայց 1992 թվականից Հայաստանը պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ միջազգային փաստաթղթերում օգտագործվելու են միայն 1988թ. առաջ եղած հատուկ անունները: Այդ իրավիճակը փոխելը Ադրբեջանի վաղեմի երազանքն էր: Հայաստանի ու, ցավոք, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները համաձայնություն են տվել, որ ՄԱԿ-ի միջազգային դիտորդական խումբն այցելի ԼՂՀ-ի ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: ՀԱԿ-ի դիրքորոշումն է, որ դա կարելի էր թույլ տալ միայն այն դեպքում, եթե դիտորդական խումբն այցելեր նաև Ադրբեջանի կողմից Ղարաբաղի օկուպացված տարածքներ: Այսինքն այսօր Բաքուն է թելադրում կարգավորման խաղի կանոնները», – բացատրել է ընդդիմադիր գործիչը:
Շահնազարյանը նշել է, որ այդ պատճառով «ՀԱԿ-ն առաջարկել է իր բանաձևի նախագիծը, որը թույլ կտա Հայաստանին ոչ միայն խուսափել նոր զիջումներից, այլև դնել Ադրբեջանը բարդ մի իրավիճակի մեջ, երբ մենք կվերադառնանք պատերազմի իրական պատճառներին, իսկ դա Ադրբեջանի ագրեսիան էր»:
Շահնազարյանի խոսքով` արտաքին գործերի նախարարությունն անտեսեց Կոնգրեսի առաջարկը, քանի որ մտածում է «էլ ինչ զիջումների գնա, որպեսզի այօրվա իշխանությունը մնա իր աթոռին»: