ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 17-ի հանրահավաքին.
«Սիրելի հայրենակիցներ,
Թեեւ ես սովորություն չունեմ մեկնաբանելու նախկինում արտահայտած իմ մտքերը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀՇ համագումարում ունեցած ելույթս (17.07.2010) միանշանակ չընդունվեց քաղաքական շրջանակների կողմից եւ առիթ հանդիսացավ որոշ թյուրընկալումների ու նենգափոխումների, ստիպված եմ լրացուցիչ պարզաբանումներ տալ այդ առթիվ։ Հիշատակված ելույթում ես ընդամենը կատարել եմ օբյեկտիվ իրականությունից բխող ու միմյանցից անկախ երեք հիմնական արձանագրում՝ կոնստատացիա։
Առաջին. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»։ Միանգամայն աներկիմաստ այս պնդումն իշխանական քարոզչամեքենայի կողմից վերածվել է իր ինտելեկտուալ մակարդակին համարժեք մի պարզունակ մտքի, թե իբր ես առաջարկում եմ հանուն Հայաստանի զարգացման, զիջել Ղարաբաղը։ Մինչդեռ կարիք չկա ապացուցելու, որ ես շեշտել եմ ոչ թե զիջման, այլ Ղարաբաղի խնդրի (ու նրանից կախված հայ–թուրքական հարաբերությունների) կարգավորման կամ լուծման անհրաժեշտությունը։ Մի բան է լուծումը, եւ բոլորովին մի այլ բան՝ զիջումը։ Ո՞վ է ձեզ ստիպում որեւէ բան զիջել, ո՞վ է պահանջում տարածքներ վերադարձնել։ Դեմ եք զիջմանը կամ փոխզիջմանը, անզիջողական կամ հաղթողական լուծում ապահովեք, ո՞վ ուրախ չի լինի։ Միայն թե՝ ինչ ճանապարհ էլ ընտրեք, պետք է գիտակցեք, որ Ղարաբաղի խնդիրը լուծել, կրկնում եմ լուծել եւ ոչ թե զիջել, դուք պարտավոր եք, որովհետեւ…
Որովհետեւ անհնար է չտեսնելու տալ, որ Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքը անհաղթահարելի խոչընդոտներ է հարուցում տարածաշրջանային համագործակցության, հաղորդակցության ուղիների լիարժեք օգտագործման, արտասահմանյան ներդրումների ներգրավման, Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման, արտագաղթը խթանող երեւույթների վերացման համար, իսկ մյուս կողմից՝ իշխանությունների ձեռքին հզոր լծակ է հանդիսանում ժողովրդավարության սահմանափակումները, մարդու իրավունքների խախտումները, քաղաքական հալածանքները եւ երկրի սանձարձակ թալանն արդարացնելու գործում։ Իշխանությունների այս մտայնությունը լավագույնս ձեւակերպել է ազգային կոչվող հայ մտավորականներից մեկը՝ Ռուբեն Գեւորգյանցը, նշելով մոտավորապես հետեւյալը. «Հայաստանը նախ պետք է լուծի իր ազգային խնդիրները, եւ ապա միայն մտածի ժողովրդավարության ու օրինականության հաստատման մասին»։ Իսկ քանի որ մեր ազգային խնդիրներն անսպառ են եւ, բնականաբար, Ղարաբաղի հարցի լուծումից հետո հերթագայությամբ պետք է լուծվեն նաեւ Նախիջեւանի, Ջավախքի, Ղարս–Արտահանի, Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի խնդիրները, ապա Հայաստանում դեռ հարյուր տարի էլ ժողովրդավարություն, օրինականություն, արդար ընտրություններ չեն լինելու, եւ դեռ հարյուր տարի էլ երկիրը շարունակելու է անխնա թալանվել, եթե, իհարկե, երկիր մնացած լինի։
Երկրորդ. «Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել։ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրանում համոզվելու համար»։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է իշխանական քարոզչամեքենան նյարդայնանում նաեւ այս պնդումից եւ ճգնում դրանում եւս անպայման իմ զիջողականության ապացույցներ փնտրել, ընդ որում լկտիաբար անտեսելով այն հանգամանքը, որ ես խոսում եմ ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ զիջումների՝ կոմպրոմիսի մասին։ Անհասկանալի է նաեւ, թե ինչու նույն այդ մեքենան չի փորձում ապացուցել հակառակը՝ այն է, որ փոխզիջման այլընտրանքը ոչ թե պատերազմն է, այլ, ասենք, միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կամ թեկուզ Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիան։ Թեպետ պատերազմի վտանգից շատ էլ չպետք է անհանգստանալ, քանի որ իշխանական քարոզչության կարկառուն ներկայացուցիչներից մեկը վերջերս խրոխտաբար հայտարարեց, որ դրա վերսկսման պարագայում Հայոց փառապանծ բանակը կնվաճի նաեւ պատմական Հայաստանի մինչեւ Քուռն ընկած տարածքները։ Բնականաբար, մենք որեւէ հիմք չունենք կասկածելու մեր ազնվազարմ իշխանությունների հայտարարությունների հավաստիությանը։ Չմոռանանք միայն նշել, որ 1998 թվականից հետո քոչարյանասերժական իշխանությունների միակ նվաճած տարածքը եղել է Երեւանի Ազատության հրապարակը, որը, սակայն, շուտով վերադարձվելու է իր օրինական տիրոջը՝ ժողովրդին։
Երրորդ. «Աֆղանստանը, Իսրայելը, Իրանը եւ տնտեսական ճգնաժամը այնպիսի ծանր բեռ են Արեւմուտքի համար, որ նրան Ղարաբաղի եւ ընդհանրապես Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում։ … Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ … Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում»։ Անկասկած, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգումը եւ Ադրբեջանին С-300 հրթիռակայանների վաճառքի վերաբերյալ գործարքը ավելի եւս ամրապնդում են Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում եւ անսահմանորեն մեծացնում նրա դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նշված նորագույն իրադարձությունների լույսի ներքո այլեւս վերջնականապես ակնհայտ է դառնում, որ որքան էլ Ռուսաստանը համաձայն լինի Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին ու ծրագրերին, նա ոչ մի դեպքում թույլ չի տալու միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, առավել եւս չի հաշտվելու Այսրկովկասում ՆԱՏՕ-ի որեւէ կարգի ներկայության փաստի հետ։ Այս դատողություններն ամենեւին ռուսամետության կամ հակաարեւմտականության արտահայտություն չի կարելի համարել, ինչպես ընկալեցին կամ փորձեցին ներկայացնել ոմանք, այլ ընդամենը իրականության պարզ արձանագրում, որը կապված չէ ո՛չ որեւէ մեկի ցանկության, ո՛չ էլ քաղաքական կողմնորոշման հետ։ Ցավոք, Հայաստանի իշխանություններն, իմ ունեցած տեղեկություններով, փոխանակ ճիշտ եզրակացություններ անելու տվյալ իրականությունից, ջանում են ժամանակավոր օգուտներ քաղել ու ամեն ինչ կապել կողմնորոշումների հետ, ընդհուպ անձնավորման աստիճանի։ Մասնավորապես, ամերիկացիների ականջին փսփսում են, թե իբր Տեր Պետրոսյանը ռուսամետ է, իսկ ռուսների ականջին՝ թե նա ամերիկամետ է։ Այս եղանակով ինձ ու Հայ Ազգային Կոնգրեսին վարկաբեկելու նրանց հույսը հետեւյալ կարծրատիպերն են. ըստ Ռուսաստանում տիրապետող կարծիքի՝ եթե որեւէ շարժում ժողովրդավարական է, ուրեմն նարնջագույն է, իսկ ըստ Արեւմուտքի՝ եթե որեւէ շարժում հակառուսական չէ, ուրեմն ժողովրդավարական չէ։ Հայաստանի իշխանությունների դրսեւորած այս ողորմելի վարքագիծը ցույց է տալիս, որ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին խնդիրների լուծման գործում, նրանք իրենց հույսը դրել են բացառապես օտար ուժերի բարեհաճության վրա։
Չեմ կարող չանդրադառնալ նաեւ քաղաքագետների ուշադրությունից վրիպած հետեւյալ նշանակալից իրադարձությանը, որը երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ Բաքվում։ Նկատի ունեմ նախագահներ Մեդվեդեւի եւ Ալիեւի շուրթերից հնչած այն միանշանակ հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այլեւս ստրատեգիական գործընկերներ են։ Թեեւ նման խոսքեր առաջ էլ էին ասվել, բայց առաջին անգամն է, որ դրանց մեջ կոնկրետ բովանդակություն է դրվում։ Այսինքն կատարվեց այն, ինչ ես կանխատեսել էի դեռեւս 1998թ. հունվարի 8-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում, նշելով մասնավորապես հետեւյալը. «Ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը» (ԼՏՊ, Ընտրանի, էջ 658)։ Թե Հայաստանի ու Ղարաբաղի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստանի ու Ադրբեջանի ստրատեգիական գործընկերությունը, կարծում եմ, դժվար չպետք է լինի պատկերացնել։
Այսպիսով, բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս–թուրք–ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը փաստ է դառնում։ Դա չի նշանակում, անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որն, իմ կարծիքով շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու եւ Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։ Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձեւաչափում, ինչն էլ նախորդ ելույթում ինձ հիմք էր տվել ներկայիս իրավիճակը համեմատելու 1920 թվականի իրավիճակի հետ։ Ինչպես նկատված է քաղաքագետների ու լրագրողների կողմից, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն այլեւս մանեւրի դաշտ չունի։ Եթե մինչ այժմ նա կարողացել է ինչ-ինչ խոստումների ու ազգային շահերին հակասող զիջումների գնով սիրաշահել Արեւմուտքին ու դրա շնորհիվ մեղքերի թողություն ստանալ սեփական երկրում գործած անօրինությունների՝ ընտրակեղծարարության, քաղաքական հալածանքների ու ահռելի չափերի հասնող կոռուպցիայի համար, ապա այժմ, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգման եւ ռուս–թուրք–ադրբեջանական համագործակցության արդյունքում Այսրկովկասում առաջացած աշխարհաքաղաքական նոր իրադրության լույսի ներքո, թողության այդ պաշարը սպառված պետք է համարել։
Այս առիթով չպետք է մոռացության տալ այն փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը մինչ այժմ միակն է եղել, որ լրջագույն կասկածներ է հայտնել Սերժ Սարգսյանի լեգիտիմության վերաբերյալ։ Դրա մասին, ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձի բացակայությունից առավել, վկայում է այդ երկրի պետքարտուղարության 2009թ. Հայաստանին վերաբերող զեկույցը, որը մեր երկրում անցկացված վերջին նախագահական ընտրությունները գնահատում է ոչ այլ կերպ, քան «նշանակալիորեն արատավոր» (significantly flawed) եւ տարակուսանք արտահայտում քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թվի առթիվ։ Նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ընդամենը անհրաժեշտ ձայներից 2.5 տոկոս ավելի, «նշանակալիորեն արատավոր» եւ «քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թիվ» որակումները պետք է գնահատել որպես ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող բացահայտ ակնարկներ, որովհետեւ նման որակումների արժանանալու համար ընտրախախտումները պետք է կազմեին ոչ թե մեկ, երկու կամ երեք, այլ առնվազն տաս–քսան տոկոս։ Ավելին, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը տեղյակ է ոչ միայն Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքին, այլեւ այն անհանդուրժելի իրողությանը, որ նրա ղեկավարած իշխանությունները վճռական ջանքեր չեն գործադրում Հայաստանում լայն տարածում գտած կոռուպցիայի դեմ պայքարելու գործում (Corruption remained widespread, and authorities did not make determined efforts to combat it)։ Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ ինչպես մենք, ամերիկյան կառավարությունը եւս Հայաստանի վարչակազմը համարում է ավազակապետական, քանի որ այլ կերպ չի կարելի կոչել մի իշխանություն, որը վճռական ջանքեր չի գործադրում իր երկրում լայն տարածում գտած կոռուպցիայի դեմ պայքարելու գործում, այսինքն, եթե դա չի անում, ուրեմն ինքն է կազմակերպում կամ առնվազն խրախուսում կոռուպցիան։ Այս ամենը գիտենալով ու պաշտոնապես արձանագրելով հանդերձ, Միացյալ Նահանգների կառավարությունը, ինչպես բազմիցս նշել ենք, երկուսուկես տարի շարունակ լիակատար աջակցություն է ցուցաբերել Սերժ Սարգսյանին եւ աչք փակել վերջինիս աղաղակող հանցագործությունների ու Հայաստանի քաղաքացիների կրած անհամար տառապանքների վրա՝ թե ինչ նկատառումներով, ավելորդ եմ համարում մեկնաբանել։ Արժե միայն ընդգծել, որ Հայաստանի իշխանությունների ոչ լեգիտիմ ու կոռումպացված լինելու հանգամանքը այն հզոր լծակն է, որով մինչեւ այժմ Արեւմուտքը, անվերապահ աջակցության դիմաց, Սերժ Սարգսյանից կորզել է հայ–թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր ակնկալած խոստումներն ու զիջումները։ Սակայն այդ խոստումներն ու զիջումները չկատարելու պարագայում նշված լծակն, անտարակույս, օգտագործվելու է հակառակ ուղղությամբ, ինչի ժամանակը, կարծես, մոտենում է։
Սերժ Սարգսյանին մնում է ենթարկվել ճակատագրին եւ իր բախտը որոնել Մոսկվայում ու Անկարայում, ավելի կոնկրետ, ռուս–թուրք–ադրբեջանական գերագույն ատյանում։ Թեեւ, քանի որ նա բավական ուշացումով է միացել այդ կառքին, այստեղ էլ նրան միայն հիասթափություններ են սպասում։ Բայց Սարգսյանի հոգեկան տվայտանքը վերջին հարցն է, որ պետք է հետաքրքրի մեզ։ Ողջ հայ ժողովրդի ուշադրությունն այս մտահոգիչ իրավիճակում պետք է կենտրոնացվի Ղարաբաղի ու Հայաստանի գլխին կախված վտանգների վրա, քանի որ, ինչպես 1920 թվականին, մենք կանգնած ենք պարտադրված լուծումների սպառնալիքի առջեւ։ Իշխանությունն ամեն գնով պահպանելու պետական պատասխանատուների մարմաջը մեր երկիրը նորից կանգնեցնում է կործանման կամ առնվազն ազգային աղետի եզրին։ Դաշնակցական գործիչներից ոմանք իրենք էլ հետին թվով խոստովանել են, որ եթե 1920թ. մայիսին իշխանությունը հանձնեին բոլշեւիկներին, ապա Հայաստանը չէր կորցնի Ղարսը, Արտահանը, Սուրմալուն ու Նախիջեւանը, եւ այդ դեպքում գուցե բոլորովին այլ լուծում ստանար նաեւ Ղարաբաղի հարցը։ Դա անելու փոխարեն, սակայն, նրանք անխնա կոտորեցին մայիսյան ապստամբության առաջնորդներին եւ հարյուրավոր ապստամբների բանտերը նետեցին, մեղմ ասած, անխոհեմաբար հարուցելով Ռուսաստանի անհաշտ թշնամանքն ու հայրենիքի հաշվին դառնագույնս հատուցելով այդ անխոհեմության համար։
Ինքնըստինքյան հասկանալի է ուրեմն, որ սրանից արվելիք հստակ եզրակացությունը պետք է լինի այն, որ Ղարաբաղին ու Հայաստանին սպառնացող վտանգների հաղթահարման միակ ելքը իշխանափոխությունն ու օրինական ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանության հաստատումն է, որը զերծ կլինի լեգիտիմության պակասի ու կոռումպացվածության պատճառով անհարկի զիջումների, ու մեծ հաշվով, ազգային դավաճանության գնալու հարկադրանքից։ Հակառակ ասեկոսեներին, իշխանափոխությունը եղել եւ մնում է Հայ Ազգային Կոնգրեսի գլխավոր խնդիրը, եւ մենք հետեւողականորեն ու անդադրում հետապնդելու ենք այն, անկախ նրանից, թե որքան համառ կլինի ավազակապետության դիմադրությունը, որքանով մեզ կօժանդակեն երկրի ճակատագրով մտահոգ մյուս քաղաքական ուժերը եւ ո՛ր չափով միջազգային հանրությունը կշարունակի սատարել Հայաստանի հանցագործ իշխանություններին։
Իշխանափոխության խնդրի ձգձգումը, սակայն, չի նշանակում, որ մենք տվյալ պահին իրավիճակը թեկուզ որոշ չափով շտկելու մասին չպետք է մտածենք։ Մենք մշտապես պնդել ու այսօր էլ համարում ենք, որ երկու վճռական քայլ կարող է կտրուկ կերպով փոխել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի անբարենպաստ զարգացումը.
1. Հայաստանի ներքին կյանքի ազատականացումը՝ ժողովրդավարության սահմանափակումների վերացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ ներազգային համերաշխության հաստատումը.
2. Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության լիիրավ կողմի, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակի վերականգնումը։
Սերժ Սարգսյանը ո՛չ մեկն է անում, ո՛չ մյուսը, ինչը գերագույն պատասխանատվություն պահանջող ներկա իրավիճակում հավասարազոր է ազգային դավաճանության։ Հետեւաբար, Հայ Ազգային Կոնգրեսի անունից, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.
1. Թեեւ մենք կողմ ենք Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծմանը, բայց վճռականապես դեմ ենք գործելու կարգավորման ցանկացած ծրագրի, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված չէ որպես հակամարտության կողմ, ինչպեսեւ ցանկացած համաձայնագրի, որի տակ չի լինի վերջինիս ներկայացուցչի ստորագրությունը.
2. Մենք նույն վճռականությամբ դեմ ենք լինելու նաեւ հայ–թուրքական արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ նրանցից չի հանվել հայ եւ թուրք պատմաբաններից կազմված միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը.
3. Մենք պահանջելու ենք նաեւ, որ Ղարաբաղյան կարգավորման վերջնական համաձայնագիրը հանրաքվեի դրվի Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում, ինչն արտառոց չպետք է համարել, քանի որ ժամանակին նման գաղափար եղել է Մինսկի խմբի համանախագահության առաջարկներում։
Սարգսյանը որեւէ զիջում կատարելու ժողովրդական մանդատ չի ստացել, քանի որ նախ՝ իր նախընտրական ծրագրում հասարակությանը հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կարգավորման գործընթացից դուրս թողնելու կամ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու խոստում չի տվել, եւ երկրորդ՝ պարզապես ընտրված նախագահ չէ։ Հետեւաբար, նա ընդհանրապես որեւէ որոշում կայացնելու, հրամանագիր արձակելու, օրենք վավերացնելու եւ համաձայնագիր կնքելու իրավունք չունի, իսկ մինչ այժմ նրա կողմից ստորագրված բոլոր որոշումները, հրամանագրերը, օրենքներն ու համաձայնությունները զուրկ են իրավական ուժից։
Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ մենք սպառված ենք համարում իշխանությունների հետ երկխոսություն սկսելու մեր պատրաստակամությունը։ Դեռեւս ո՛չ՝ նկատի ունենալով ազգային շահը։ Սակայն երկխոսության համար անհրաժեշտ նախկին պայմանին՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, մենք այժմ ավելացնում ենք եւս մեկը՝ մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտումը եւ դրանց պատասխանատուների դատական հետապնդումը։ Իսկ երկխոսությունը կարող է վերաբերել միայն մեկ հարցի՝ խաղաղ, սահմանադրական ճանապարհով իշխանության փոխանցմանը ժողովրդին, ինչը հնարավոր է իրագործել միայն արտահերթ ընտրությունների միջոցով, ընդ որում՝ սկզբում նախագահական, եւ ապա միայն խորհրդարանական։ Ինչպես դիպուկ կերպով ձեւակերպել է Ստեփան Դեմիրճյանը, քանի որ Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամն առաջացել է ընտրությունների պատճառով, ուրեմն այն պետք է հաղթահարվի նույնպես ընտրությունների միջոցով։
Իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ նախեւառաջ՝ սկզբունքի հարց, որովհետեւ ժողովրդից խլված իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, եւ երկրորդ՝ պատմական անհրաժեշտություն, թելադրված Հայաստանի ու Ղարաբաղի առջեւ կանգնած ներկա մարտահրավերներով, որոնց դիմագրավման այլ միջոց գոյություն չունի։
Ես կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ հեռանալու է իշխանությունից։ Այդ բանը նա կարող է անել կա՛մ ժողովրդի հետ վերջնականապես թշնամացած, կա՛մ էլ քիչ թե շատ հաշտված վիճակում։ Թե՛ իր, թե՛ ժողովրդի համար, անշուշտ, նախընտրելի է երկրորդ տարբերակը։ Այլապես մեր երկրի կորուստները, որոնք արդեն իսկ անթիվ են, անշրջելի կարող են դառնալ։
Այսօրվանից մեր պայքարը թեւակոխում է մի նոր եւ ավելի նպատակասլաց շրջան, ինչը դառնալու է նրա հաղթական ավարտի գրավականը։ Կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։ Իմ ելույթն այդ հանրահավաքում նվիրված կլինի հիմնականում Հայաստանի իրականության ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ կոռուպցիային, որն, առանց չափազանցության, պարզապես կործանում է մեր երկիրը եւ ժողովրդին մատնում անելանելի թշվառության։ Հոկտեմբեր ամսին Կոնգրեսը նախատեսել է անցկացնել նաեւ մի շարք այլ զանգվածային միջոցառումներ, որոնց մասին ձեզ կտեղեկացնի Լեւոն Զուրաբյանը։
Իսկ խոսքս ուզում եմ ավարտել մեր բոլորիս սիրելի մաեստրո Օհան Դուրյանի բոցաշունչ կոչով, որով նա ժողովրդին դիմել է իր ծննդյան 88-րդ տարեդարձի առթիվ տված հարցազրույցում. «Կա՛ ավազակապետություն եւ նրա դեմ պայքարող ժողովուրդ։ Ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ, ո՛չ էլ տասներորդ ուժի անհրաժեշտություն չկա՛։ Դա ժողովրդին մաս-մաս անելու, խաբելու նպատակ է հետապնդում։ … Եկեք միասին, բոլորով գնանք դեպի իսկական ժողովրդավարական, նոր Հայաստան՝ առանց խաբեբաների, առանց կաշառակերների, առանց մարդասպանների։ Մի՛ մնացեք եւ մի՛ թաքնվեք ձեր խոհանոցներում ու բակերում։ Համախմբված դուրս լցվեք բոլորդ, ով խոցված է, վիրավորված, թալանված ու պարտադրված արտագաղթելու» (ՀԺ, 08.09.2010)։ Եթե բոլորը համակված լինեին աշխարհահռչակ խմբավարի քաղաքացիական գիտակցությամբ, ապա իսկական ժողովրդավարական, նոր Հայաստանը մենք վաղուց կերտած կլինեինք։
Բարի երթ եւ մինչ նոր հանդիպում»։