Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին (Walter Kalin), ով տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց պրն Կալինին կատարած աշխատանքի համար և գոհունակություն հայտնեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ:
Ուոլտեր Կալինի խնդրանքով նախարար Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և այդ ենթատեքստում նշեց, որ Հայաստանի կառավարությունն առաջնահերթ է համարում ղարաբաղյան հակամարտության արդյունքում Ադրբեջանից բռնագաղթած և ներքին տեղահանված շուրջ 450.000 անձանց խնդիրների լուծումը` ընդգծելով, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, երբեք մարդկային ճակատագրերը չի շահարկել և նրանց օգտագործել էժանագին քարոզչական նպատակներով, այլ փորձել է իր ունեցած հնարավորությունների սահմաններում առավելագույնս լուծել նրանց խնդիրները:
Ուոլտեր Կալինը, արձանագրելով ՀՀ կառավարության և ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով գրասենյակի միջեւ համագործակցության արդյունավետությունը, նշեց, որ գրասենյակը շարունակելու է օժանդակել Հայաստանում ներքին տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը: