Home / Армения / Անկարայի և Բաքվի միջև ռազմական համաձայնագրի կնքման համար ոչինչ արված չէ. Ալեսքերլի

Անկարայի և Բաքվի միջև ռազմական համաձայնագրի կնքման համար ոչինչ արված չէ. Ալեսքերլի

«Թուրքիա – 21-րդ դար» ռուս-եվրասիական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ալեսքեր Ալեսքերլին Vesti.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս-վրացական պատերազմից հետո չի կարելի հավատալ պաշտոնական Մոսկվայի խոստմանը, թե Հայաստանում ռուսական ռազմակայանը չի կիրառվի Ադրբեջանի դեմ:

Նրա խոսքերով` Ռուսաստանը հասկացնում է, որ Կովկասի տերն ու տիրակալն է, և որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին նրա ձեռքերում է:

Պատասխանելով հարցին, թե որքան իրական է թուրք-ադրբեջանական ռազմական համաձայնագրի կնքումը` ի պատասխան ռուս-հայկականի, Ալեսքերլին նշել է, որ «1991թ. ի վեր ոչ մի հստակ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ»:

«Խնդիրն այն է, որ Թուրքիայում մեկը մյուսին փոխարինող կառավարությունները միասնական տեսակետ չունեն այն հարցի շուրջ, թե որքանով է կարևոր ռազմական ներկայությունը Կովկասում»,- մեկնաբանել է Ալեսքերլին:

Ըստ փորձագետի` ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան լավ հնարավորություններ ուներ ամրապնդելու իր դիրքերը Կովկասում, սակայն Սուլեյման Դեմիրելի այդ կառավարությունը չի կարողացել դրանք արդյունավետ օգտագործել: