Սեպտեմբերի 17-ին ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին «Գյուղքիմիայի» պահեստի ճակատային քարաշեն պատը թեքվել է, և վտանգ է սպառնում Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն երկաթգծին և Արթիկի Լմբաթ թաղամասի հետիոտնային ճանապարհին:
Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել է, որ պահեստի արևելյան ճակատային` 25 մ լայնությամբ և 15 մ բարձրությամբ քարաշեն պատը մոտ 1,5 մետրով հեռացել է կրող կառուցատարրերից (հիմքից)` թեքվելով երկաթգծի և ճանապարհի ուղղությամբ:
Դեպքի մասին տեղեկացվել են Արթիկի քաղաքապետարանը, երկաթգծի ղեկավարությունը և «Գյուղքիմիայի» տնօրինությունը: Այս մասին հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: