Աֆղանստանի ընտրական տեղամասերում այսօր վաղ
առավոտյան, չնայած թալիբների հարձակումներին, մեկնարկել են երկրի խորհրդարանի
ստորին պալատի ընտրությունները:
«Թալիբան» շարժման գրոհայիններն ազդարարել են
քվեարկության մեկնարկը հրթիռային կրակոցներով Քաբուլում և Ջելալաբադում, իսկ ավելի
ուշ Ջելալաբադի ընտրական տեղամասում պայթյուն է գրանցվել:
Աֆղանստանի խորհրդարանական ընտրություններն
անցկացվում են անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում, քանի որ թալիբները
սպառնացել են իրագործել զանգվածային ահաբեկչություններ և հարձակումներ նրանց դեմ,
ովքեր կհամարձակվեն գնալ քվեարկության: Ի պատասխան նման սպառնալիքների` տեղի
իշխանությունները տեղակայել են լրացուցիչ հարյուր հսկիչ անցագրային կետեր, բացի
այդ, քվեարկության ընթացքում կարգ ու կանոնին կհետևի ուժային կառույցների 280 հազ.
աշխատակից, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նշենք, որ Քաբուլում առաջին հարձակումն
իրականացվել է ընտրությունների մեկնարկից մի փոքր առաջ, երբ երկրի մայրաքաղաքը
ենթարկվել է թալիբների ռմբակոծության: Ահաբեկչություններն իրագործվել են նաև
Գազնի, Բադահշան, Հերաթ նահանգներում: Քանի որ այդ ժամերին ընտրական տեղամասերը
դեռ փակ էին, ապա հաջողվել է խուսափել զոհերից: