Վերջին տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները տարբեր կերպ էին անդրադառնում Հայաստանի քաղաքացիների` Թուրքիա մուտքի թույլտվություն ստանալու վրա, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը` մեկնաբանելով Թուրքիայի Աթաթուրքի անվան օդանավակայանում օրերս տեղի ունեցած միջադեպը:
Նավասարդյանի խոսքով` մինչև 2001թ. որևէ խնդիր չկար, Հայաստանի քաղաքացիները ստանում էին մուտքի արտոնագիր, անցնում էին սահմանը. ի տարբերություն այլ երկրների, իրենցից երբեք չէին հարցնում` արդյոք իրենց կացությունը Թուրքիայում ապահովված է: Նույն թվականին հայ այցելուների համար մտցրեցին մուտքի արտոնագրի հատուկ ռեժիմ:
Ըստ Նավասարդյանի` 2009 թվականից Թուրքիան շեշտադրված լավ վերաբերմունք էր դրսևորում Հայաստանից ժամանած այցելուների նկատմամբ:
«Հիմա անցանք հաջորդ փուլ: Թուրքիայի իշխանություններն այդքան էլ հաջողված չեն համարում իրենց քաղաքականությունը Հայաստանի հետ: Բավական շատ մարդիկ հրաժարվեցին մասնակցել Աղթամար կղզում կայանալիք արարողությանը: Չեմ բացառում, որ թուրքական իշխանական օղակներից մեկը որոշեց ցույց տալ` «եթե չեք գալիս այդ միջոցառմանը, ապա համարում ենք, որ դուք ընդհանրապես անցակալի հյուրեր եք մեր երկրում», – ասել է Նավասարդյանը: