Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկում սեպտեմբերի 21-ին մեկնարկում է Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Ֆավորիտներն ավանդաբար նույնն են` Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները: Մեդալների համար պատրաստվում են պայքարել նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Չինաստանի ընտրանիները:
Ավանդաբար ուժեղ կազմ ունեցող Ռուսաստանի ընտրանին արդեն 8 տարի է չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Վերջին անգամ ռուսաստանցիները հաջողության են հասել սլովենական Բլեդում 8 տարի առաջ: Վերջին 2 Օլիմպիադաների ընթացքում նրանք անգամ մեդալներ չեն նվաճել, այդ իսկ պատճառով Ռուսաստանում համարում են, որ այս տարի ձախողում թույլ տալ չի կարելի` հատկապես, եթե հաշվի առնել, որ առաջնությունն անցնում է սեփական երկրում:
Ռուսաստանի կազմում ընդգրկված են աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Պետր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, ով անցյալ տարի Ուկրաինայի հավաքականից անցավ Ռուսաստանի հավաքական և Վլադիմիր Մալախովը: Ռուսաստանի ընտրանիի միջին վարկանիշը` 2749-ն է, սա բոլոր թիմերի մեջ լավագույն արդյունքն է:
Համեմամտության համար նշենք, որ Հայաստանի հավաքականի միջին վարկանիշը չի հասնում 2700-ի: 5 հավաքական այս Օլիմպիադայի ընթացքում ավելի բարձր վարկանիշ ունեն, սակայն վերջին երկու շախմատային կարևորագույն ստուգատեսներում ավելի ցածր վարկանիշը չէր խանգարել մեր թիմին հաղթանակ տոնել:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Խանտի-Մանսիյսկում հանդես է գալու հետևյալ կազմով` Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Ավետիք Գրիգորյան (մարզիչ` Արշակ Պետրոսյան):
Ուկրաինայի հավաքականում նույնպես ուժեղ մարզիկներ են հավաքվել: Չնայած Կարյակինի կորստին, թիմում հանդես են գալիս Վասիլի Իվանչուկը, Պավել էլյանովը և Ռուսլան Պոնոմարյովը, ովքեր վարկանիշով մտնում են աշխարհի լավագույն 15 շախմատիստների ցուցակի մեջ և հանդիսանում են հիանալի թիմային խաղացողներ: