«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում կան միայն թարմացված Մադրիդյան սկզբունքներ»,- Day.az-ին հայտնել է Ադրբեջանի «Ազգային անկախություն» կուսակցության նախագահ Յուսիֆ Բաղիրզադեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հաջորդ շաբաթ հանդիպելու են Միացյալ Նահանգներում: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի խոսքերով` համանախագահներն ունեն նոր գաղափարներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Մեկնաբանելով Բրադտկեի հայտարարությունը` Բաղիրզադեն ասել է, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում սպասվում է ԱՄՆ-ի ակտիվացումը:
«Կարծում եմ, որ Nabucco նախագծի իրականացումը շահավետ է դարձնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: Դրա համար Միացյալ Նահանգները կցանկանան, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվեր»,- ասել է Յուսիֆ Բաղիրզադեն:
«Մյուս կողմից` վերջերս լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե, իբր, Միացյալ Նահանգները հեռանում են Հարավային Կովկասի տարածաշրջանից: Հնարավոր է, դրանով էլ կարելի է բացատրել ԱՄՆ ակտիվացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», – հավելել է քաղաքական գործիչը: