Վանի առևտրի պալատի նախագահ Զահիր Քանդասօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, քանի որ դա կնպաստի Թուրքիայի արևելյան շրջանների տնտեսության զարգացմանը:
Որպես Վանում աշխատող գործարար ինքը պատրաստ է 50 հազար աշխատատեղ ապահովել, եթե սահմանը բացվի, ասել է Քանդասօղլուն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:
Քանդասօղլուն ասել է նաև, որ սահմանի բացումը կնպաստի զբոսաշրջիկության զարգացմանը:
« Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Վան քաղաք մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ կայցելեն: Մինչ սահմանի փակումը 80 հազար բնակչությամբ քաղաքը ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ էր ընդունում»,- ասել է նա:
Մեկ այլ գործարար` Akay Grup ընկերության տնօրեն Ումութ Աքայը, ով Վանա լճի մոտ 15 միլիոն արժողությամբ շքեղ հյուրանոց է կառուցում, սահմանի բացման հարցում համակարծիք է Զահիր Քանդասօղլուի հետ:
«1990-ականներին` մինչ սահմանի փակումը, քաղաքը հազարավոր զբոսաշրջիկներ էր ընդունում, իսկ սահմանի փակման, ինչպես նաև ահաբեկչության հետևանքով զբոսաշրջությունը շատ է տուժել»,- ասել է Ակայը:
Նրա խոսքերով` իրենք այժմ մեծ ներդրումներ են իրականացնում` զբոսաշրջիկության «ոսկե տարիները» վերադարձնելու համար: