Հայ Ազգային Կոնգրեսի սեպտեմբերի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ որևէ անակնկալ չեղավ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա կարծիք է հայտնել, որ հանրահավաքին հնչած ելույթները և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը միտված էին 2012 թվականի խրհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը:
«Շատ ուրախ կլինեմ, եթե Հայ Ազգային Կոնգրեսի շնորհիվ արտահերթ ընտրությունների վիճակ ստեղծվի, սակայն չեմ կարծում, որ նման բան կլինի. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ավելի շատ վերլուծական էր, քան հեղափոխական, ինչ-որ արտահերթ իրավիճակ նախանշող»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը և հավելել, որ արտահերթ իրավիճակ կլինի միայն ֆորսմաժորային վիճակում, ինչ կարող է լինել ղարաբաղյան խնդրի հետ կապված, սակայն ինքը ռեալ չի համարում դա: