Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակը սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց խնդիրներն ու դրանք վերացնելու հնարավոր ուղիները թեմայով քննարկում է կազմակերպում:
Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում պետական մակարդակով ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ հետազոտություններ կամ ուսումնասիրություններ չեն կատարվում` հաճախ պատճառաբանելով համայնքում խնդիրների բացակայությունը:
Քննարկումը նպատակ ունի բարձրաձայնել ԼԳԲՏ ներկայացուցիչների համար կարեւոր մի քանի խնդիրներ:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակը նշում է, որ Հայաստանում բնակվող ԼԲԳՏ անձինք գրեթե ամեն օր խնդիրներ են ունենում աշխատանքային, սոցիալական ու իրավական ոլորտներում, բախվում են ավանդական հայ հասարակության անհանդուրժողականությանը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Մարդու իրավունքների 2009 թվականի զեկույցը հասարակության վերաբերմունքը նույնասեռականների հանդեպ «խիստ անբարենպաստ» է գնահատում։
«Հասարակությունը շարունակում էր նույնասեռականությունը լայնորեն դիտարկել որպես հիվանդություն: Սեռական կողմնորոշման հիման վրա հասարակական խտրականության դրսևորումը շարունակում է խնդրահարույց լինել աշխատանքի, ընտանեկան հարաբերությունների և սեռական փոքրամասնությունների համար կրթական ու առողջապահական ծառայությունների հասանելիության մասով»,- նշված է զեկույցում:
Քննարկման ընթացքում Հայաստանի ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին կխոսի «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK) ՀԿ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը` ներկայացնելով 2010-ին իրենց կազմակերպության անցկացրած որակական հետազոտության ու իրավական վերլուծության արդյունքում տպագրված «Մենք և մեր իրավունքները» ուսումնասիրությունը:
Լուսինե Վայաչյանը կներկայացնի սեռափոխության խնդիրը, կխոսի օրենսդրական ու այլ խոչընդոտների մասին, որոնք անհնարին են դարձնում Հայաստանում սեռական վիրահատությունների իրականացումը:
Քննարկմանը հրավիրված են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ոստիկանության, Արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կառավարության, Հայաստանում գործող միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, լրատվամիջոցների ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ:
Քննարկումը կազմակերպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը վերջին երկու տարում ֆինանսավորում էր Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը: 2010 թ. հուլիսից ծրագիրը շարունակվում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: