Home / Հայաստան / Քարահունջը և Օքսֆորդի «ոչ հայազգի երիտասարդը». գիտնականները մեղադրում են

Քարահունջը և Օքսֆորդի «ոչ հայազգի երիտասարդը». գիտնականները մեղադրում են

Հայաստանում չիրականացվեցին  հայ-բրիտանական համատեղ հետազոտությունները Քարահունջում, քանի որ «ոչ հայազգի մի երիտասարդ»` Միհրան Վարդանյանը, ով Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ է, գրագողությամբ և ՀՀ օրենքի խախտմամբ ցանկացել է բավարարել իր ամբիացիաները: Այսօր այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Օքսֆորդի համալսարանի «Քարեր և աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադյանը, արշավախմբի անդամներ լեզվահոգեբան Գայանե Հովհաննիսյանը և «Վասպուրականի նոր սերունդ» հայրենակցական միության նախագահ Մարինե Վահրադյանը:

Իրավիճակը լրագրողներին ներկայացնելով` Վաչագան Վահրադյանը հայտարարել է, որ Միհրան Վարդանյանին բաց նամակով մեղադրել է գրագողության մեջ, և պարզաբանել.

«Արշավախմբի կազմակերպման վերջին երկու ամիսներին եղան թյուրիմացություններ: Ես զգուշացնում էի Միհրանին, և վերջինս էլ, սկզբում ներողություն խնդրելով, շտկումներ էր անում «Քարեր և աստղեր»-ի պաշտոնական կայքում` կապված հեղինակային իրավունքի հետ: Հետագայում Միհրանը «Ազատություն» ռադիոկայանին և Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում բաց հայտարարում է, որ ինքն է արշավախմբի հեղինակը»,- պատմել է Վաչագան Վահրադյանը և հավելել, որ ինքը պահանջում է Միհրանից այդ ռադիոկայաններով հայտարարություն անի և ճշտում մտցնի հարցի մեջ:

Սակայն, Միհրան Վարդանյանը բավարարվում է միայն Վաչագան Վահրադյանին նամակ ուղղելով և ներողություն խնդրելով, ինչպես նաև նեղացած վարքագիծ դրսևորում:

«Միհրանն իմ ուսանողն է եղել, ես եմ ղեկավարել նրա գիտական աշխատանքը, որով նա դարձել է Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ: Երբ Միհրանը եկավ Հայաստան, հանդիպեց ինձ հետ, ես նրան ներկայացրի մեր խմբի վերջին հետազոտությունները և առաջարկեցի այդ հետազոտությունները ներկայացնել Օքսֆորդի համալսարան»,- պատմել է Վաչագան Վահրադյանը և ավելացրել, որ ավելի ուշ ինքը տեղեկանում է, որ Միհրանը Royal Geographical Society կազմակերպության կողմից դրամաշնորհ է ստանում:

«Ես Միհրանին ասում եմ, որ թույլտվություն ստանալու համար պետք է դիմել Մշակույթի նախարարություն, իսկ նա ամբարտավանորեն ասում է, որ իրենք թույլտվության կարիք չունեն. երկու հոգով մեկնում են Սիսիան և, թույլտվություն ստանալով այսպես կոչված «Զորաց քարեր»-ի բարեկամների հիմնադրամի տնօրենից, ով, ի դեպ, այդ արգելոց գոտու տնօրենն է, հետազոտություններ անում: Այնտեղ ձերբակալել են Միհրանին, որից հետո նա խաբել է ոստիկանությանը և ասել, որ իրենք պարզապես նկարահանում էին տարածքը, ոչ մի չափագրում չէին անում: Սակայն Հ1-ի ռեպորտաժում հստակ երևում է GPS չափագրող սարքերը և նրա տետրում արված գրանցումները»,- ասել է Վաչագան Վահրադյանը և զարմանք հայտնել, որ այսօրվա մամուլի ասուլիսին Հ1-ը չի ներկայացել: