Home / Армения / Մեդվեդևը Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, իսկ հայ ժողովրդին` խաղաղություն

Մեդվեդևը Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, իսկ հայ ժողովրդին` խաղաղություն

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մասնավորապես, ասել է.

«Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Հայաստան վերջերս կատարած այցի ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ հայ-ռուսական բարեկամության և բարիդրացիության բազմադարյա ավանդույթները շարունակում են ամրապնդվել: Մեր քաղաքացիները հպարտանում են մեր ընդհանուր պատմության փառավոր էջերով, համատեղ հաջողություններով եւ հաղթանակներով: Դրա վառ օրինակը «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնումն էր, որի բացմանը մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք: Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին` մեր զինվորների հիշատակին հոգատարությամբ վերաբերվելու համար:

Հայաստանը և Ռուսաստանը վստահության և համագործակցության հուսալի հիմքի վրա այսօր կառուցում են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, վարում են ակտիվ քաղաքական երկխոսություն, տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում ավելի ու ավելի արդյունավետ են համակարգում իրենց քայլերը: Մենք հասել ենք տնտեսության` ներառյալ նորարարության, ինչպես նաեւ հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի առաջխաղացման գործում կարեւոր որոշումների կայացմանը:

Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը կծառայի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը` ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի նպաստ Անդրկովկասում խաղաղության և կայունության:

Ձեզ ցանկանում եմ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»: