Home / Армения / Մեր հոգիներում անկախություն կա. ընդդիմությունը նշեց Անկախության օրը

Մեր հոգիներում անկախություն կա. ընդդիմությունը նշեց Անկախության օրը

Այսօր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Սարյանի արձանի հարակից տարածքում տոնեց Հայաստանի անակխության տոնը: Սարյանի պուրակում հավաքվել էին ՀԱԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ, իսկ առաջին ելույթը վերապահված էր 90-ականների սկզբին Անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանին:

«Սեպտեմբերի 21-ը մեր և մեր ժողովրդի ոչ միայն նորագույն պատմության, այլ ընդհանրապես պատմության աստեղային օրն է: Եղել են մեծ հաղթանակներ, եղել են իրադարձություններ, եղել են կարևոր նշանակության մեծ ու փոքր օրեր, բայց երբեք հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ չի եղել դեպք, երբ երկու միլիոն մարդ կամավոր, քեֆ-ուրախությունով, քվեաթերթիկով, անձնագրով որոշի իր երկրի ճակատագիրը»,- ասել է ՀՀՇ վարչության նախագահը:  

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ մեծ երկրների անկախությանը ոչինչ չի սպառնում, անգամ եթե լինեն թերություններ:

«Մեր երկիրը, ցավոք սրտի, շատ փոքր երկիր է, իսկ դա նշանակում է` մի պահ նվաճելով անկախությունը` դուք չեք երաշխավորում և ապահովում դրա գոյությունը, ավելին` այսօր երկրում տիրում է  թալանապետական օլիգարխիկ մի խումբ, որն ամբողջ պետության լծակները ծառայեցրել է սեփական հարստացման գործին: Այսօր պետական գաղափար, ցավոք սրտի, մեր քաղաքական վերնախավում չկա: Դա նշանակում է, որ մեր պետության անկախությունն իսկապես վտանգված է», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Հավաքվածների առջև ելույթ ունեցավ նաև ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը.
«Հայաստանի անկախացումը շատ բարդ պրոցես է, որին մենք գնացել ենք դարերով, և, ձեռք բերելով դա, այնքան էլ հեշտ չի պահպանելը: Իրականում անկախությունը պահպանելու համար մենք բոլորս ամենօրյա աշխատանք պիտի տանենք:  Մեր հոգիներում անկախություն կա, բայց մեր երկրում մենք անկախ ու ազատ չէնք:  Մենք երեք տարի պայքարի մեջ ենք և մեկ օր անգամ չպետք է դադարեցնենք մեր պայքարը»: