Home / Հայաստան / Շառլ Ազնավուր. «Ես երբեք ձայն չեմ ունեցել»

Շառլ Ազնավուր. «Ես երբեք ձայն չեմ ունեցել»

«Հնարավոր է` իմ գաղտնիքը նրանում է, որ ես ներգաղթյալների զավակ եմ», – «Аргументы и факты» ռուսաստանյան պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է հայազգի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նա նշել է, որ երբ ներգաթյալը ստիպված է օտար երկրում ապրել, ինչ էլ որ անի` միշտ դժբախտ է:

«Առաջին հերթին, այն պատճառով, որ նա պոկված է իր հայրենի հողից, իր արմատներից: Բայց, գիտեք, իմ հայրը միշտ լավատես էր: Ի դեպ, նա երբեք չէր կորցնում կապն իր ծնողների հետ, ովքեր ապրում էին ԽՍՀՄ-ում` Լենինականում», – ասել է Ազնավուրը:

«Մորս ավելի դժվար էր` նա կորցրել էր իր բոլոր հարազատներին Հայոց Ցեղասպանության ժամանակ: Հենց դրա պատճառով էլ իմ ծնողները փախչել էին Ֆրանսիա: Երբ հայրս գնաց պատերազմ, ես սկսեցի աշխատել, ընտանիք պահել. անում էի ամեն ինչ` վաճառում էի թերթեր, նաև մանրավաճառ էի: Նման փորձություններն օգնում են ամբողջ կյանքում: Հորիցս ես լավատեսությունն եմ ժառանգել»», – ասել է երգիչը:

Պատասխանելով լրագրողի հարցին` Ազնավուրն ասել է, որ ինքը երբեք չի երգում բեմից դուրս:

«Չեմ երգում բեմից դուրս` ոչ լոգարանում, ոչ ընկերական հավաքույթների ժամանակ: Ես «պողպատյա ձայն» ունեմ: Սովորաբար, կանայք և տղամարդիկ 60 տարեկանից հետո կորցնում են ձայնը: Բայց քանի որ ես երբեք ձայն չեմ ունեցել, ձայնը կորցնելուց չեմ կարող վախենալ», – ասել է Ազնավուրը: