«Այն լեզուն, այն կատեգորիալ ապարատը, որով մենք ներկայանում ենք արտաքին աշխարհին, խնդրի բուն իմաստից հեռու է: Բայց մյուս կողմից էլ` արդեն 10 տարի է` ընդդիմադիրներն ասում են` Ղարաբաղը ծախեցին, սակայն դեռևս Ղարաբաղը ծախող չկա: Հակառակը` Ղարաբաղը կա, այն ծաղկում է, մեր գծած սահմանով պահում ենք Արցախը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, նրա խոսքով, «մեր խաղը շահեկան դուրս եկավ»:
«Ֆուտբոլային դիվանագիտության սկսվելուց հետո ես ասել եմ, որ մենք արել ենք ձիու քայլ, որը կարող ենք հետ վերցնել, և արդեն վերցրել ենք, իսկ Թուրքիան այդ արձանագրություններով պատռեց իր դիմակը»,- ասել է Մանասյանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից Ռաֆիկ Թադևոսյանը, իր հերթին, նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններն առաջին հայացքից բացասական են. կան կետեր, որոնք մեզ ծանր իրավիճակի մեջ են դնում:
«Մյուս կողմից` քաղաքականությունը, դիվանագիտությունը խաղեր են: Եթե լավ խաղացող ես, կարող ես վատ խաղաքարտերով հաղթել: Մենք կարող ենք այնպես վարվել այդ պրոտոկոլների հետ, որ թուրքերը խառնվեն իրար»,- նշել է Թադևոսյանը: