ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հաստատեց Մեթյու Բրայզայի թեկնածությունն Ադրբեջանի դեսպանի պաշտոնում:
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, կոմիտեի 19 անդամներից միայն երկուսն են Բրայզայի նշանակման դեմ քվեարկել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները պայքարում էին Բրայզայի նշանակման դեմ` մեղադրելով նրան ադրբեջանամետ դիրքորոշման մեջ: Մասնավորապես, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն 9-էջանոց փաստաթուղթ էր ներկայացրել Սենատ, որում նշված էին այն պատճառները, որոնց համաձայն Բրայզան չպետք է նշանակվեր Ադրբեջանի դեսպանի պաշտոնում:
Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի քննարկումներն անընդհատ հետաձգվում էին` շնորհիվ հայկական լոբբիի, սակայն սեպտեմբերի 21-ին այդ քվեարկությունը տեղի ունեցավ: Բրայզայի թեկնածության դեմ քվեարկեցին Դեմոկրատական կուսակցության երկու ներկայացուցիչներ` Բարբարա Բոքսերը` Կալիֆորնիայից և Ռոբերտ Մենենդեսը` Նյու Ջերսիից:
Իր ելույթի ժամանակ Բարբարա Բոքսերը հայտարարել է, թե ինքը համոզված չէ, որ Մեթյու Բրայզան կկարողանա Ադրբեջանում «տեղ հասցնել ԱՄՆ մեսիջները»:
«Պարոն Բրայզան ցույց է տվել, որ ունակ չէ վճռական խոսել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պարագայում: Իմ «ոչ»-ը կապված է այն բանի հետ, այսօր մեզ հարկավոր է մի թեկնածու, ով հավատում է, որ մենք պետք է փակենք բռնության ճանապարհը, որտեղից էլ որ այն լինի, քանի որ մենք շարունակում ենք շարժվել խաղաղության ճանապարհով», – հայտարարել է Բոքսերը:
Այնուամենայնիվ, Մեթյու Բրայզայի թեկնածությունը հավանության է արժանացել, իսկ նրա օգտին խոսել է հանրապետական Ռոբերտ Լուգարը:
Նշենք, որ այժմ արտաքին հարաբերությունների կոմիտեի որոշումը պետք է հաստատվի Սենատում: Սովորաբար, Սենատը հաստատում է արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից կայացրած որոշումների մեծամասնությունը:
ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ շարունակելու են Բրայզայի նշանակման դեմ պայքարը: