Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ներգրավված և ոչ մի միջնորդ «բացարձակ չեզոք դիրքորոշում» չունի: Այս մասին Day.Az-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ Պավել Սալինը:
«Նույն ԱՄՆ-ն ամեն տարի Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնություն է ցուցաբերում` ոչ ռազմական կիրառման տեխնիկայի միջոցով և նոր զինվորականներ պատրաստելով: Պետք չէ մոռանալ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ քաղաքական շրջանակներում հայկական սփյուռքի ազդեցության մասին: Վերջապես գոյություն ունի նաև Թուրքիան, որը ձգտում է ավելի շատ միջամտել խնդրի կարգավորման հարցին և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունի: Սա օրինաչափ է, եթե միջնորդը «դատվողների» վրա լծակներ չունի, ապա նրա առաջարկներն անգամ չեն քննարկվի»,- ասել է փորձագետը:
Նրա կարծիքով` փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի այժմյան դիրքորոշումը փակուղի է տանում:
«Կողմերը պետք է փոխզիջման գնան»,- ասել է Սալինը:
Ռուսաստանի համար երկու կողմերի հետ հարաբերությունները շատ կարևոր են: «Հայաստանի հետ` ռազմաքաղաքական տեսանկյունից, իսկ Ադրբեջանի հետ աշխարհատնտեսական տեսանկյունից, այսինքն` «հյուսիսային հարևանի» միջոցով ադրբեջանական և ասիական էներգառեսուրսների մուտքը Եվրոպա ապահովելու տեսանկյունից», – ամփոփել է փորձագետը: