Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստի ժամանակ հրապաարկվեցին քրեական գործում առկա փաստաթղթերը:
Դատավորը հրապարակեց միայն այն մարդկանց ցուցմունքները, ովքեր հարցաքննվել են դատարանում, իսկ գործով տուժող ճանաչված Վարազդատ Թադևոսյանի և այլ վկաների ցուցմուքնները չհրապարակվեցին, քանի որ նրանք դատարան չէին ներկայացել հարցաքննության: Այս պահին այդ մարդկանց որոնում են, որպեսզի բերման ենթարկեն դատարան:
Գործում առկա էր նաև Դավիթ Քիրամիջյանի հայտարարարությունն առ այն, որ մայիսի 31-ին բերման ենթարկելիս ոստիկանները գազելի մեջ իրեն ծեծել են և մարմնական վնասվածքներ են հասցրել:
Հիշեցնենք, որ Գևորգյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուցաբերելու մեջ, իսկ Քիրամիջյանն անցնում է խուլիգանություն հոդվածով: Երիտասարդներին բերման են ենթարկել այս տարվա մայիսի 31-ին, երբ նրանք փորձել են մտնել Ազատության հրապարակ:
Դատական նիստի ընթացքում դատավորն ընթերցեց գործի այն հատվածը, որտեղ նշված է, որ Սարգիս Գևորգյանը իբրև պոկել է գործով տուժող ճանաչված ոստիկան Արկադի Բաղդասարյանի ուսադիրը և ցուցադրաբար գետնին նետել: Սակայն նախորդ դատական նիստի ժամանակ, երբ զննվել են այս գործով տեսաերիզը և լուսանկարները, ոչ մի պոկված ուսադիրի կադր չի հայտնաբերվել և Բաղդասարյանի ուսադիրները ամբողջ ժամանակ եղել են իրենց տեղում: Հիշեցնենք նաև, որ Բաղդասարյանն իր ցուցմուքնում նշել էր, որ պոկվել է իր աջ ուսադիրը, սակայն դատարանում զննվել է մի ոստիկանական համազգեստ և պոկված է եղել դրա ձախ ուսադիրը:
Ավարտելով գործում առկա փաստաթղթերի հրապարակումը` դատավորը հայտարարեց, որ անցնում է ամբաստանյալների հարցաքննությանը, սակայն Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ իր պաշտպանյալը վատառողջ էր: Դատավորը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 5-ին, ժամը 10.00-ին: