Home / Армения / ՀՀԿ-ականը ցանկանում էր անկախության տոնը ՀԱԿ-ի հետ միասին նշել

ՀՀԿ-ականը ցանկանում էր անկախության տոնը ՀԱԿ-ի հետ միասին նշել

Ընդդիմությունն երեկ առանձին էր նշում Հայաստանի Անկախության օրը, իշխանությունն առանձին, այսինքն չկա միասնություն: Նման կարծիք է լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:

«Այ, Լևոն Տեր-Պետրոսյանն երեկ ասաց, որ ամենաբարձր արժեքն իր համար անկախությունն է, ինչպիսին էլ որ լինի: Ես դրա հետ համաձայն եմ», – ասաց Զոհրաբյանն` ավելացնելով, որ անկախությունը պետք է նշել միասին:

Ըստ նրա` անկախությունը Հայաստանի քաղաքական կրոնն է.

«Դրան մենք պետք է հավատանք, որքան էլ քաղաքական տարաձայնություններ ունենանք: Մենք կարող էինք երեկ միասին նշել, ասենք, թեկուզ հրապարակում կամ մի տեղ: Բայց հաջորդ օրը նորից քաղաքական մեր առաջարկները ներկայացնենք, պայքարենք»:

Զոհրաբյանը նշեց, որ ընդդիմությունը քննադատում է իշխանություններին, իշխանություններն էլ` հակառակը, սակայն երկու կողմն էլ «անկախության համար իրենց ներդրած լուման ունեն»:

ՀՀԿ նախագահի տեղակալի խոսքով, Հայաստանում 70-ից ավել քաղաքական ուժեր կան, բայց իրականում գործում են միայն 10-ը. «Ես չեմ ասում բերեք դրանք փակենք, խանգարում են: Բայց արդեն պետք է ուշադրություն դարձնել կայացած ուժերի վրա»:

Կայացած քաղաքական ուժերի շարքում Ռազմիկ Զոհրաբյանն առանձնացրեց Հայ Ազգային Կոնգրեսն ու Դաշնակցությունը: