Սեպտեմբերի 21-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու-Յորք:
Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է և ելույթ ունեցել 2000 թ. ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովին, որի ընթացքում անդրադարձավ Հայաստանում այդ ուղղությամբ կատարած և ձեռնարկվելիք քայլերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Սույն համատեքստում Էդվարդ Նալբադյանն անդրադարձ է կատարել նաև անվտանգությանն առնչվող հարցերին, հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այդ առնչությամբ նա մասնավորապես ասել է.
«Ընդունելով, որ անվտանգությունը և զարգացումը սերտորեն միահյուսված են, Հազարամյակի Հռչակագրում կառավարությունները հանձն են առնում ջանքեր չխնայել ապահովագրելու ժողովուրդներին պատերազմի արհավիրքներից, ինչպես երկրների ներսում, այնպես էլ պետությունների միջև: Այդ առումով սպառազինությունների տարածումը շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն խաղաղության և անվտանգության, այլ նաև տնտեսական և սոցիալական զարգացման համար: Դժբախտաբար, մեր տարածաշրջանում էլ կան այդպիսի վտանգներ: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը: Սա հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, որի հիմնադիրները միավորվեցին գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից զերծ պահելու նպատակով: Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, նրա ռազմական բյուջեի բազմապատկմանը, պատերազմական հռետորաբանությանը և սադրանքներին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը», – հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ մինչ խոսվում է Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացից, կան ժողովուրդներ, որոնք միջազգային հանրության ուշադրությունից դուրս են մնացել:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձեռնարկում է առավելագույնն իր տարածքում ավելի բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու և մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Եվ նա դա անում է առանց միջազգային հանրության աջակցության: Լեռնային Ղարաբաղը շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակության ծրագրեր: Քանի դեռ անգործության արդյունքում չի հաջողվում վերացնել անմեղ մարդկանց պատճառած վնասները, մենք չենք կարող արձանագրել, որ Հազարամյակի Զարգացման բոլոր նպատակները իրականացվել են և համաշխարհային մակարդակով ապահովվել է հավասարություն և արդարություն», – ասել է Նալբանդյանը: